Բաքվում «Ռազմավարի պուրակի» բացումը մտահոգել է նաեւ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին:
Նա նամակ է գրել Ադրբեջանի նախագահին՝ կոչ անելով չբազմապատկել հակամարտության հետեւանքով տուժած համայնքների միջեւ արդեն իսկ խորը արմատներ գցած վիրավորանքները:
Նամակում Միյատովիչը հատուկ նշել է՝ հրապարակված նկարներում նկատել է մարդկային արժանապատվությունը նսեմացնող տեսարաններ:
«Նման պատկերներն ինձ համար մեծապես անհանգստացնող ու նվաստացուցիչ են»,-շեշտել է Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը:
Նամակում նշվում է, որ նման ցուցադրությունը կարող է միայն էլ ավելի ուժեղացնել թշնամական զգացմունքները եւ ատելության խոսքը, խրախուսել անհանդուրժողականության դրսեւորումները:
Միյատովիչն Ալիեւին կոչ է արել ամուր դիրքորոշում որդեգրել ընդդեմ թշնամանք կամ ատելություն բորբոքող հռետորության կամ գործողությունների եւ փոխարենը լիակատար աջակցություն ցուցաբերել ու քաղաքական հենարան հանդիսանալ հակամարտությունից տուժած բնակչությունների միջեւ խաղաղությունը եւ հաշտեցումը խրախուսող ջանքերին:
Հանձնակատարը պատրաստակամություն է հայտնում առաջին իսկ հնարավորության դեպքում այցելելու Ադրբեջան՝ ընդգծելով, որ իր մանդատը թույլ է տալիս մուտք ունենալ մարդու իրավունքներին առնչվող բոլոր վայրերը երկրի սահմաններում:
Հիշեցնենք, որ Բաքվում բացվել է, «Ռազմավարների պուրակ», որտեղ ցուցադրված են այն զինտեխնիկան ու սաղավարտները, որոնք Արցախի դեմ թուրք-ադրբեջանական դաշինքի սանձազերծած պատերազմից հետո մնացել են Ադրբեջանի զավթած տարածքներում: