կարևոր
1636 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-25 00:14

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը՝ Հայկական հիշատակի օրվա առիթով. 24 ապրիլի, 2021թ.

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը՝  Հայկական հիշատակի օրվա առիթով. 24 ապրիլի, 2021թ.

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ներկայացնում է 2021թ.-ի ապրիլի 24-ին արված ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի հայտարարության հայերեն տեքստը.

«Ամեն տարի այս օրը մենք հիշատակի տուրք ենք մատուցում այն անձանց, որոնք զոհ են գնացել Օսմանյան ժամանակաշրջանում տեղի ունեցած Հայկական ցեղասպանությանը և վերստին հանձնառություն ենք ստանձնում կանխել և երբևէ թույլ չտալ նմանօրինակ ոճրագործության կրկնություն։ 1915թ․ ապրիլի 24-ից սկսած՝ օսմանյան իշխանությունների կողմից Կոստանդնուպոլսում հայ մտավորականության և համայնքի առաջնորդների ձերբակալություններից հետո, մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ մահվան ուղարկվեցին՝ բնաջնջման նպատակով։ Մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնի զոհերին, որպեսզի պատմությունը երբևէ չմոռանա տեղի ունեցածի սարսափները։ Մենք հիշում ենք, որպեսզի մշտապես զգոն լինենք ատելության քայքայիչ ազդեցության հանդեպ՝ իր բոլոր դրսևորումներով։

Կենդանի մնացածներից շատերը նոր տուն հիմնեցին ու նոր կյանք սկսեցին կերտել աշխարհի տարբեր վայրերում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում։ Ուժի ու տոկունության շնորհիվ հայ ժողովուրդը գոյատևեց և վերստին կերտեց իր համայնքը։ Տասնամյակների ընթացքում հայ ներգաղթյալներն ամենատարբեր ուղիներով հարստացրել են Միացյալ Նահանգները, բայց նրանք երբեք չեն մոռացել իրենց ողբերգական պատմությունը, որը մեր ափեր էր բերել նրանց նախնիներից շատերին։ Մենք հարգում ենք նրանց պատմությունը։ Մենք տեսնում ենք նրանց ցավը։ Մենք հաստատում ենք պատմությունը։ Մենք սա չենք անում մեղավորներ գտնելու համար, այլ ապահովելու, որ տեղի ունեցածը երբևէ չկրկնվի։

Այսօր, սգալով կորուստների համար, եկե՛ք նաև մեր հայացքն ուղղենք դեպի ապագա՝ դեպի մի աշխարհ, որ մենք ուզում ենք կառուցել մեր երեխաների համար։ Աշխարհ, որ ստվերված չէ մոլեռանդության ու անհանդուրժողականության առօրյա չարիքներով, աշխարհ, որտեղ հարգված են մարդու իրավունքները և որտեղ բոլոր մարդիկ կարող են ապրել իրենց կյանքն արժանապատիվ ու անվտանգ։ Եկե՛ք վերահաստատենք մեր միասնական վճռականությունը՝ կանխելու հետագա ոճրագործություններն աշխարհի ցանկացած կետում։ Եվ եկե՛ք ձգտենք ամոքման ու հաշտեցման աշխարհի բոլոր մարդկանց համար։

Ամերիկյան ժողովուրդն իր հարգանքի տուրքն է մատուցում բոլոր հայերին, որոնք զոհ են դարձել 106 տարի առաջ այս օրը սկսված ցեղասպանությանը»։

ԱՄՆ նախագահի հայտարարության բնագրին կարող եք ծանոթանալ Սպիտակ տան պաշտոնական կայքում