ԱՄՆ նախագահ Բայդենի կողմից «Հայոց ցեղասպանություն» եզրույթի գործածումը նախ՝ բարոյական նշանակություն ունի, որպեսզի շատ երկրներ, որոնք մոտիկից հետևում են ԱՄՆ կեցվածքին, հիմա կխրախուսվեն, որ իրենք էլ ճանաչեն: Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը Ծիծեռնակաբերդի բարձունքում հրավիրած հրատապ բրիֆինգի ժամանակ խոսել է Բայդենի այսօրվա ուղերձի նշանակության մասին։
«Սա իսկապես պատմական օր է՝ մեծապես գնահատում ենք ԱՄՆ նախագահ Բայդենի՝ «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու կեցվածքը:
Նա խոստում էր տվել, երբ թեկնածու էր, բայց շատ նախագահներ թեկնածության ընթացքում այդ խոստումը տվել են ու հետո չեն հարգել, ուրախ ենք ասելու, որ նախագահ Բայդենը հարգեց այդ խոստումը։
Մենք գիտեինք, որ ինքը լայնապես ծանոթ է հայությանը, Ցեղասպանությանը, լայնապես մասնակցել էր Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին։
Միայն ու միայն կարելի է գնահատել նախագահ Բայդենի այս կեցվածքը»,-ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։
ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահը շնորհակալություն հայտնեց բոլոր այն աշխատողներին՝ Հայ Դատի հանձնախմբերին, գրասենյակներին և հազարավոր նվիրյալներին, որոնց տասնամյակների պայքարի շնորհիվ հնարավոր եղավ հասնել այստեղ։
Նա նաև անգլերենով արտահայտեց իր երախտիքը ԱՄՆ նախագահին և ՀՅԴ մարմիններին ու այլ նվիրյալներին։
Հակոբ Տեր-Խաչատուրյանն ասաց, որ տարբեր անվանումներով՝ Հայ Դատի կառույցներ գործել են Ամերիկայում ՀՅԴ հովանավորության տակ 1940-ական թվականներից սկսած։ ԱՄՆ-ը 1951 թ-ին արդեն իսկ իր հատուկ փաստաթղթում «Ցեղասպանություն» եզրույթը գործածել է, երբ Ռաֆայել Լեմկինը արդեն ստեղծել էր այդ բառը։ Այդ օրերից ՀՅԴ ընկերները, համակիրները, ժողովուրդը միշտ հետապնդել է այս հարցը՝ ասելով, որ անպայմանորեն պիտի հաջողեն, որովհետև այլընտրանք չկա։
1960-ականներից, երբ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների բնույթը ավելի հստակեցվեց, քաղաքական պայքարը հատուկ թափ առավ։
«Երբ ասում ենք տասնամյակներ՝ նկատի ունենք 1940-ական թվականներից, բայց, մանավանդ, 60-ական թվականներին ծավալած աշխատանքի շնորհիվ շարունակաբար որդեգրվեցին բանաձևեր ԱՄՆ Ներկայացուցիչների տան և Ծերակույտի կողմից, իսկ նախագահ Ռեյգանը հայտարարության մեջ նշեց այդ բառը, բայց հպանցիկ ձևով։ Սակայն հստակ հիմա նախագահ Բայդենը եկավ ամբողջացնելու այդ ճանաչման գործընթացը ԱՄՆ-ի։ Գործադիր իշխանությունը միացավ օրենսդիրին և որևէ մեկը չի կարող հերքել այլևս ԱՄՆ մեջ Ցեղասպանության իրողությունը»,-պատմական ակնարկ կատարեց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։
«Կա, բնականաբար, Թուրքիայի անդրադարձը․ արդեն իսկ Թուրքիան սպառնացել է, որ որևէ ճանաչում նշանակում է հարաբերությունների խանգարում, բայց, նկատի ունենալով, որ հարաբերություններն արդեն ցածր մակարդակի են, կենթադրեմ, որ թուրքերն էլ կանդրադառնան, որ երբեմն պատմական իրողությունները և արդարությունը շատ ավելի գերակշիռ են, քան քաղաքական հաշիվները»,-ասաց նա։
Սա, ըստ նրա, հարցի մի կողմն է։ Երկրորդն այն է, որ նախկինում ՀՅԴ-ն հատուկ աշխատանք է ձեռնարկել իրավունքների վերատիրացման իմաստով՝ պահանջատիրական առումով, բայց նույնիսկ ամենափոքր քայլերն իսկ, որ հաջողությամբ են պսակվել, ի վերջո, կասեցվել են, որովհետև ԱՄՆ-ի մի շարք դատարաններ նշել են, որ արտաքին գործերը նախագահի պատասխանատվության տակ են, և քանի դեռ նախագահը պաշտոնապես չի ճանաչել, այդ դատերը պետք է կասեցվեն։
«Հիմա, անշուշտ պետք է քննարկվի, թե ինչպես կարելի է այդ ուղղությամբ աշխատանքը վերսկսել՝ հետևանքների իմաստով։ Եվ շատ ավելի աշխատանք պիտի կարողանանք տանել հիմա միացյալ ճակատով՝ թե՛ Եվրոպայի, թե՛ ԱՄՆ-ի մեջ պահանջատիրության օրինական երեսները բացահայտելով»,-ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։
Այս աշխատանքը, նրա խոսքով, Հայ Դատի հանձնախմբերի հետ կտանի ՀՅԴ ստեղծած՝ Հայ իրավունքի կենտրոնը, որ 3 տարուց ավելի գործում է։
Այսուհանդերձ, ճանաչման գործընթացը կավարտվի, երբ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Այս պատճառով, ՀՅԴ կառույցների աշխատանքը շարունակվելու է, որպեսզի Թուրքիայի վրա ճնշումն ավելացվի և, ի վերջո, հասնենք այն օրվան, որ Թուրքիան առերեսվի իր պատմությանը։