կարևոր
1363 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-24 21:29

Այս ուղերձը ծանրակշիռ ներդրում է Հայոց ցեղասպանության գլոբալ ճանաչման և ցեղասպանությունների կանխարգելման գործում. ՀՀ ԱԳՆ

Այս ուղերձը ծանրակշիռ ներդրում է Հայոց ցեղասպանության գլոբալ ճանաչման և ցեղասպանությունների կանխարգելման գործում. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ.

«Ողջունում ենք նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ուղերձը, որով ԱՄՆ նախագահը հստակ մատնանշում է 20-րդ դարի սկզբին հայ ժողովրդին բաժին հասած զանգվածային ոճրագործության սահմանումը՝ որպես ցեղասպանություն: Նշենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևեր են ընդունվել 2019 թվականին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից:

Հայոց ցեղասպանության դժվարին օրերին ամերիկյան կառավարությունը և ժողովուրդն անշահախնդիր օգնություն են ցուցաբերել և մահվան ճիրաններից փրկել բազմաթիվ մարդկային կյանքեր: ԱՄՆ նախագահի ուղերձը շարունակում է ճշմարտությանը և արդարությանը զորավիգ կանգնելու ամերիկյան այս ուժեղ ավանդույթները:

Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը համամարդկային խնդիր է: Այսօր ԱՄՆ իշխանություններն աներկբայորեն վերահաստատեցին իրենց հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանությանը և մարդասիրության սկզբունքներին:

Այս ուղերձը ծանրակշիռ ներդրում է Հայոց ցեղասպանության գլոբալ ճանաչման և ցեղասպանությունների կանխարգելման գործում»: