կարևոր
1912 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-24 16:03

Մենք պիտի հիշենք ձեր ժողովրդի ողբերգությունը, որպեսզի այլևս երբեք չլինի բնաջնջում. Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ

Մենք պիտի հիշենք ձեր ժողովրդի ողբերգությունը, որպեսզի այլևս երբեք չլինի բնաջնջում. Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ

Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ Մաուրիցիո Լուպին կոչ է անում հիշել 106 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը, որպեսզի այլևս չլինի բնաջնջում հանուն գաղափարախոսության: Այս մասին պատգամավորն ասել է իր տեսաուղերձում:

«Հարգելի՛ընկերներ, մեծ պատիվ է ինձ համար գտնվել այստեղ ձեզ հետ, թեկուզ հեռահար կարգով ոգեկոչել մեծ ողբերգության 106-րդ տարելիցը, ողբերգություն, որը թակեց ձեր ժողովրդի դուռը, որը դարձավ 1,5 միլիոն հայերի բնաջնջման պատճառը 20-րդ դարասկզբին։ Սա առաջին ցեղասպանությունն էր 20-րդ դարի պատմության մեջ։ Ինչո՞ւ է կարևոր այն հիշել, չմոռանալ, թե ինչ է տեղի ունեցել ձեր ժողովրդի հետ։ Քանի որ յուրաքանչյուր տառապանք, հանուն գաղափարի ոտնահարված և բռնաբարված ժողովրդի յուրաքանչյուր մարդկային տառապանք վերաբերում է մեզանից յուրաքանչյուրին»,- նշել է Լուպին:

Իտալիայի Պատգամավորների պալատի անդամն իր ուղերձը եզրափակել է Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելի խոսքերով:

«Ինչպես նախագահ Հավելն է ասել՝ մեկ այլ անվանի պետական գործիչ Եվրոպայի պատմության մեջ, ով անցել է այս տառապանքի միջով, բոլոր տեսակի տառապանքները վերաբերում են մեզանից յուրաքանչյուրին, որովհետև տառապանքն ընկած է ձեռք բերված ազատության հիմքում։ Մենք պիտի հիշենք ձեր ժողովրդի ողբերգությունը, որպեսզի այլևս երբեք չլինի բնաջնջում հանուն գաղափարախոսության, ողբերգություն, որի միջով դուք եք անցել։ Մենք եղել ենք, կանք և կլինենք ձեր կողքին»,- իր ուղերձում նշել է Մաուրիցիո Լուպին: