կարևոր
1021 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-24 13:34

Պատմական սարսափները պետք է հիշել՝ դրանցից դասեր քաղելու եւ դրանց կրկնությունը թույլ չտալու համար. ֆինն պատգամավոր

Պատմական սարսափները պետք է հիշել՝ դրանցից դասեր քաղելու եւ դրանց կրկնությունը թույլ չտալու համար. ֆինն պատգամավոր

Պատմական սարսափները պետք է հիշել՝ դրանցից դասեր քաղելու եւ դրանց կրկնությունը թույլ չտալու համար: Այս մասին իր ուղերձում ասել է Ֆինլանդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Վիլհելմ Յուննիլան:

«Ֆինլանդիայի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամական խումբը ցանկանում է ոգեկոչել 1915-1917թթ. օսմանյան ջարդերի եւ բռնի տեղահանությունների զոհերի ու նրանց հարազատների հիշատակը եւ ուժ հաղորդել հայերին, որոնց սրտում խորը արմատավորված է այս ողբերգությունը:

Ամեն տարի ապրիլի 24-ին հայերը հավաքվում են Ծիծեռնակաբերդի հավերժական կրակի շուրջ, որտեղ եղել եմ նաեւ ես: Պատմական սարսափները պետք է հիշել, որպեսզի դրանցից դասեր քաղենք, եւ թույլ չտանք դրանց կրկնությունը: Հայերի համար սա նահատակների եւ զոհված նախնիների հիշատակի օր է, որը հարգում են բոլոր սերունդները:

Շատերի մեծ ծնողները բռնել են գաղթի ճամփան: Բազմաթիվ ընտանիքներ շատ բան են կորցրել: Նրանցից շատերը կորցրել են ամեն ինչ: Երեխաները սպանվել են իրենց մայրերի, եղբայրների եւ քույրերի աչքի առաջ: Այսօր կարեւոր է ցույց տալ, որ ոչինչ չի մոռացվել»,- նշել է նա:

Վիլհելմ Յուննիլայի խոսքով՝ հայկական ինքնության եւ հիշողության կարեւոր մաս են կազմում Հայաստանից դուրս գտնվող համայնքները, որտեղ հայերը համարվում են բնիկներ: Նա ընդգծել է, որ Սփյուռքը նշանակալի դեր ունի մշակույթի, լեզվի եւ պատմության պահպանման եւ սերնդեսերունդ փոխանցելու գործում:

«Այս տարին հատկապես դժվար է եղել հայերի համար: Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները շատերին ոչ թե հիշեցնում էին 1990-ականների սկիզբը, այլ Սարիղամիշի ճակատամարտին հաջորդած դրությունը: Միասին մենք աղոթում ենք, որ ձեր փորձություններն ավարտվեն եւ վերջապես հաստատվի հաշտություն եւ խաղաղություն:

Նվազագույնը, որ այսօր կարող է անել միջազգային հանրությունը, հայերին սգակցելն է, կարեկցանքի ցուցաբերումը եւ աջակցությունը մարդու իրավունքների պաշտպանությանը: Պատմությունը ուղղորդում է այսօրվա իրադարձությունները:

Սեւ եւ Կասպից ծովերի միջակայքում տեղի ունեցած վերջին ժամանակների իրադարձություններն առաջացնում են հարցադրումներ, որոնց դժվարանում են պատասխանել բոլոր կողմերը: Մենք անկեղծորեն հուսով ենք, որ Հայաստանն ու նրա հարեւանները կարող են մերձենալ, բայց նաեւ հասկանում ենք, թե դա որքան ծանը զոհաբերություն է, որն այսօր թվում է անհաղթահարելի:

Մենք սգում ենք ձեզ հետ»,- հայտարարել է Ֆինլանդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահը: