Ամերիկյան երկրների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն կոչ է անում չմոռանալ Հայոց ցեղասպանության զոհերին և վառ պահել նրանց հիշատակը: Այս մասին նա խոսել է իր տեսաուղերձում:
«Անցած տարին լի էր դժվարություններով հայ ազգի համար։ Կորոնավիրուսային համավարակի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով 2020 թվականը հիրավի մեծ վշտի տարի էր։ Ճիշտ այնպես, ինչպես ճակատագրական համարվող 1915 թվականը նշանավորվեց համաշխարհային պատմության տխրահռչակ մի դրվագի մեկնարկով, որի ընթացքում մեկ ու կես միլիոն անմեղ հայեր սպանդի ենթարկվեցին իրենց պատմական հայրենիքում։ Այս իրադարձությունը նաև սկիզբ դրեց հայկական սփյուռքի կազմավորմանը»,- ասել է Ալմագրոն։
Նա նշել է, որ միանում է Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը՝ վառ պահելու մեթոդաբար կազմակերպված ոճրագործության ընթացքում յուրաքանչյուր կորսված կյանքի հիշատակը։
«Այս իրադարձությունը մեզ ամեն օր հիշեցնում է մեր իսկ ունեցած պատասխանատվության մասին՝ պաշտպանելու այն մարդկանց, ում իրավունքներն ու կյանքը, ինչպես նաև նրանց գոյությունը որպես ժողովուրդ սպառնալիքի տակ է։
Ընկերներ, Հայոց ցեղասպանության փաստն ահասարսուռ է, պատմականորեն անժխտելի և ճանաչված է միջազգային հանրության կողմից։ Հայ ազգի ապրած ծանր օրերը թախծաբեր են, բայց այդ ծանր օրերի ընթացքում է, որ դրվել են անկախ Հայաստանի կազմավորման նախադրյալները։ Այսպիսով, ցեղասպանությունն այն իրադարձությունն է, որ ծառայում է որպես հիշեցում հայ ժողովրդի անկոտրում բնավորության ու այս պատմությամբ և մշակույթով հարուստ հինավուրց ազգի դիմացկունության մասին, որը ցեղասպանությունից ավելի քան հարյուր տարի անց, նույնիսկ համավարակի և հարևան երկրների կողմից ռազմական ոտնձգությունների սպառնալիքի տակ շարունակում է գոյատևել ու բարգավաճել»,- ասել է Ամերիկյան երկրների կազմակերպության գլխավոր քարտուղարը՝ մեջբերելով Վիլյամ Սարոյանի հայտնի խոսքերը․ «Չնայած բոլոր մարտահրավերներին և սպառնալիքներին՝ հայ ազգը ոչնչացնելն անհնար է։ Քանի որ երբ նրանցից երկու հոգի հանդիպեն աշխարհի որևէ մի վայրում, տեսե՛ք, թե ինչպես են ստեղծելու նոր Հայաստան»։