կարևոր
1651 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-24 11:28

Հայոց ցեղասպանությունից 106 տարի անց, նման զանգվածային սպանություններն ու ցեղասպանությունները շարունակվում են. Լյուքսեմբուրգի արտգործնախարար

Հայոց ցեղասպանությունից 106 տարի անց, նման զանգվածային սպանություններն ու ցեղասպանությունները շարունակվում են. Լյուքսեմբուրգի արտգործնախարար

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին համոզված է՝ պետք է անել հնարավոր ամեն բան՝ կանխելու պատմության կրկնությունը: Այս մասին նա խոսել է իր տեսաուղերձում:

Ժան Ասելբորնը նշել է, որ որոշակի հանգամանքների բերումով այս տարի չի կարող ֆիզիկապես ներկա լինել Հայաստանում, սակայն վստահեցրել է՝ այսօր հայ ժողովուրդն իր սրտում է: Նա վերհիշել է երեք տարի առաջ Հայաստան կատարած այցելությունը:

«Երբ 2018 թվականի մարտին ես այցելեցի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ես զգացի այն մեծ էմոցիոնալ ցավը, որն ուներ հուշարձանը: Հիշում եմ, թե ինչպես հուզվեցի Հայոց ցեղասպանության թանգարանում ցուցադրված լուսանկարներից: Այդ փորձառությունը երկարատև ազդեցություն գործեց ինձ վրա:

Մենք չպետք է մոռանանք և չենք մոռանա այն հարյուր հազարավոր մարդկանց, ովքեր զոհվեցին: Նրանք մեզ հիշեցնում են այն կոտորածների մասին, որոնք մարդկությունն ունակ է իրականացնել իր ամենախավար ժամանակներում: Նրանք մեզ հիշեցնում են, որ պետք է անենք հնարավոր ամեն բան՝ կանխելու պատմության կրկնությունը»,- նշել է Ասելբորնը:

Լյուքսեմբուրգի արտգործնախարարը ցավով է փաստել, որ այսօր, Հայոց ցեղասպանությունից 106 տարի անց, նման զանգվածային սպանություններն ու ցեղասպանությունները շարունակվում են:

Նա իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ ընդգծելով, որ Արցախյան վերջին պատերազմը նոր դժվարությունների պատճառ դարձավ շատ հայ ընտանիքների համար:

«Այս պահին, երբ հայերը միավորվում են համատեղ ցավոտ անցյալի առանցքի շուրջ, ես լիահույս եմ, որ ձեր ժողովուրդը ուժ կգտնի միավորվելու և սեփական՝ խաղաղության, ժողովրդավարության և բարօրության ապագան կերտելու համար»,- եզրափակել է Ժան Ասելբորնը: