կարևոր
1909 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-23 21:59

Ընդամենը 6 ամիս առաջ կոտորել են մեր ժողովրդին, սրանք Հայաստանում ինչո՞ւ են թուրքասիրության քարոզ անում․ Իշխան Սաղաթելյան

Ընդամենը 6 ամիս առաջ կոտորել են մեր ժողովրդին, սրանք Հայաստանում ինչո՞ւ են թուրքասիրության քարոզ անում․ Իշխան Սաղաթելյան

Այսօրվա իշխանությունները պատրաստ են ամեն ինչ ուրանալու, նրանք ծնկի են եկել թուրքերի առջև։ Այս մասին նշել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Ազատության հրապարակում՝ Ջահերով երթից առաջ։

«Հայաստանի Հանրապետության իշխանության ղեկը ստանձնած թիմը վաղուց չի սպասարկում հայ ժողովրդի շահերը և, սկսած իր անվտանգության խորհրդի քարտուղարից, սպասարկում են թշնամու շահերը այն պարագայում, որ ընդամենը 6 ամիս առաջ կոտորել են մեր ժողովրդին, նվաճել են մեր հայրենիքի մի կարևոր ու զգալի մասը, դեռ ունենք անհետ կորածներ, վիրավորների վերքերը չչորացած, կարո՞ղ եք բացատրել, սրանք Հայաստանում ինչո՞ւ են թուրքասիրության քարոզ անում։ Ովքեր այս օրերին ասում են՝ գնալու ենք, նվաճենք Զանգեզուրը, Երևանը, ասում են՝ դրանք մեր թշնամիները չեն։ Բա լավ, թշնամիներ չեն, ի՞նչ են»,-ասել է նա։

Իշխան Սաղաթելյանը նշել է, որ իրենք երբեք դեմ չեն հայ-թուրքական հարաբերություններին, բայց խնդիրն այն է, թե ինչի հաշվին․ եթե այդ հաշտեցումը տեղի է ունենալու Ցեղասպանության ուրացման հաշվին՝ իրենք դեմ են այդ հարաբերություններին և ամեն ինչ անելու են, որ նման հարաբերություններ չլինեն։

Իշխան Սաղաթելյանի համոզմամբ՝ Փաշինյանն արժանի չէ այցելելու Ցեղասպանության հուշարձան, բայց իրենք չեն գնա նրան արգելելու ճանապարհով զուտ նրա համար, քանի որ Ապրիլի 24-ը իրենց համար շատ խորհրդանշական օր է։

Սյունիքի դեպքերին անդրադառնալով՝ ՀՅԴ ԳՀՄ ներկայացուցիչն ասել է, որ իշխանություններն ամեն ինչ անելու են սյունեցուն խեղճացնելու համար, բայց դա նրանց մոտ չի ստացվի, քանի որ այն տղերքը, ովքեր պաշտպանել են և պաշտպանելու են Սյունիքը՝ թույլ չեն տալու։

«Եվ մենք ամբողջությամբ Սյունիքի կողքին ենք, Սյունիքը մեր կողքին է, որովհետև Սյունիքը մեր դարպասն է և մենք չպետք է թույլ տանք, որ այս չարիքի կառավարությունը թուլացնի մեր դարպասը»,-ասել է Իշխան Սաղաթելյանը։