Լարված իրավիճակ է Դատախազության դիմաց. «առանց թուրքի Հայաստան» վանկարկումներով ակցիայի մասնակիցները պահանջում են ազատ արձակել սյունեցիներին: Ոստիկանների և քաղաքացիների միջև հրմշտոց սկսվեց այն պահից, երբ դատախազին տրված 20 րոպեն լրացավ, և ոչ ոք չիջավ ակցիայի մասնակիցների հետ հանդիպման:
Անհնազանդության ակցիայի հետևանքով բազմաթիվ բերման ենթարկվածներ կան, մեկ ոստիկան տուժել է, որին առաջին բուժօգնություն են ցուցաբերել հանրահավաքի մասնակից բժիշկները: Նրան տեղափոխեցին հիվանդանոց:
Ոստիկաններն արդեն բռնի ուժ կիրառել և բերման են ենթարկել հանրահավաքի մի շարք մասնակիցների, որոնց թվում է նաև ՀՅԴ Արտաշատի «Դուման» կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը: ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը նշեց, որ սադրիչները շատ են, ոստիկանների կողմից շշեր են նետվել:
«Մենք ի սկզբանե ասացինք դատախազը կամ իր ներկայացուցիչը ոչ մի մտահոգվելու կարիք չուներ՝ իջնել և լսել ժողովրդին», - ասաց Արծվիկ Մինասյանը և հավելեց. «Մեր պահանջը շատ հստակ է՝ ազատ արձակել ապօրինի ձերբակալված սյունեցիներին: Ուժայինները պետք է ծառայեն հայ ազգին և ոչ թե՝ հանցավոր իշխանությանը»:
Հիշեցնենք՝ Արամ Մանուկյանի արձանի առջև տեղի ունեցած հանրահավաքից հետո մասնակիցները երթով շարժվել են ՀՀ Գլխավոր դատախազություն՝ հանրապետության գլխավոր դատախազից պահանջելով սյունեցիների դեմ գործած բազմաթիվ իրավախախտումների դեմ ձեռնարկել կոնկրետ քայլեր, ազատ արձակել ձերբակալված սյունեցիներին, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանին, ինչպես նաև դադարեցնել բողոքի ակցիաների մասնակիցների դեմ սանձազերծված քաղաքական բոլոր հետապնդումները: