30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
Արցախի հանրապետության Ազգային ժողովը Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ, որում մասնավորապես ասված է.
«Ապրիլի 24-ին աշխարհի բոլոր ծագերում հայ ժողովուրդը և բարի կամքի տեր մարդիկ ոգեկոչելու են մեր 1,5 մլն սուրբ նահատակների հիշատակը; Հայ ժողովրդին իր պատմական հայրենիքում բնաջնջելու Թուրքիայի հանցավոր քաղաքականությունը հանդիսացավ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Այդ ամենը կատարվեց աշխարհի լուռ և շահանկատ հայացքի ներքո: Մեր ժողովրդի միլիոնավոր զավակներ ցեղասպանվեցին, հայրենազրկվեցին: Պետականորեն կազմակերպված, այլատյացության ծնունդ այդ հանցագործությունը չունի վաղեմության ժամկետ:
Ոճրագործին չպատժելը նրան մղում է նոր հանցագործության: Այս ճշմարտությունը դարձնելով գործելաոճ, ավելի քան մեկ դար անց, Թուրքիայի ղեկավարությունը շարունակում է հետապնդել հայ ժողովրդին: Այսօր Թուրքիայի կողմից ցեղասպանության ժխտողականության և արդարացման քաղաքականությունը որդեգրել է նրա հոգեզավակ Ադրբեջանը: Բաքվում, Սումգայիթում, Գանձակում, Գետաշենում և Մարաղայում կին, ծեր ու մանուկ սպանվեցին, հազարավոր մարդիկ էլ տեղահանվեցին հայ լինելու պատճառով:
2020թ. Արցախյան 3-րդ պատերազմը, բազմահազար անմեղ զոհերը, հայրենի երկրի մեծ մասի կորուստը, հետպատերազմյան շրջանում հայկական ազգային, քրիստոնեական հուշարձանների նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքը նորից և նորից հուշում են, որ Թուրքիան և Ադրբեջանը իրենց քաղաքական օրակարգից հայասպանության ծրագիրը չեն հանել:
Ոգեկոչելով մեր սրբադասված նահատակներին՝ հայ ժողովրդի արժանապատվությունը և գերագույն արժեք պետականությունը պահպանելու համար, մենք ազգովի առավել քան պատասխանատու պետք է վերաբերվենք ներքին և արտաքին առկա մարտահրավերներին: Մենք պետք է շարունակենք ապրել ու արարել հայրենի հողում: Դա կլինի լավագույն հաղթաթուղթը Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման ճանապարհին»,- ասված է ԱՀ ԱԺ-ի տարածած հայտարարության տեքստում: