կարևոր
895 դիտում, 7 ամիս առաջ - 2021-04-22 13:45

Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Ստեփանակերտի և Շոշ ու Մխիթարաշեն բնակավայրերի ուղղությամբ. Արցախի ԱԳՆ

Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Ստեփանակերտի և Շոշ ու Մխիթարաշեն բնակավայրերի ուղղությամբ. Արցախի ԱԳՆ

Ապրիլի 20-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, կրակ են բացել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Շոշ ու Մխիթարաշեն բնակավայրերի ուղղությամբ։ Կրակոցների արդյունքում Ստեփանակերտում բնակելի տան տանիք է վնասվել։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Արտաքին գործերի նախարարությունը:

«Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է հակառակորդի սադրիչ և ագրեսիվ գործողությունները, որոնք նպատակ ունեն վախի ու անպաշտպանության մթնոլորտ ձևավորել ԱՀ քաղաքացիների շրջանում և տորպեդահարել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելությունը։

Հայկական ավտոմեքենաների վրա հարձակումները, դաշտում աշխատող գյուղացիների ուղղությամբ կրակելը, Շուշիից դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհին տեղադրված տանկ-հուշարձանի տարածք դիվերսիոն ներթափանցումն ու վանդալիզմը, հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացումը և ադրբեջանական կողմի բազմաթիվ այլ թշնամական գործողություններ Ադրբեջանում պետականորեն վարվող հայատյաց և ֆաշիստական քաղաքականության հետևանքն են։

Արցախցիներին ահաբեկելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման և որևէ ձևով չի կարող սասանել սեփական հողում ազատ ապրելու մեր հաստատակամությունը»,-ասված է հայտարարությունում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփանակերտում բնակելի տան վրա հակառակորդը ապրիլի 20-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, կրակոց է արձակել: 

Կրակոցներ են եղել նաև Մխիթարաշեն և Շոշ գյուղերի ուղղությամբ: