17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի նկատմամբ առկա է հանցագործության առերևույթ դեպք։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը` մեկնաբանելով քաղաքապետի տանը գիշերը ժամը 3-ին կատարված խուզարկությունն ու դրանից հետո նրան բերման ենթարկելը։
«Առկա է խուլիգանության առերևույթ դեպք։ Եթե մերժվի տվյալ մոտեցումը, որ այնտեղ խուլիգանություն առկա չէ, հետևաբար տվյալ անձի նկատմամբ առհասարակ որևէ գործողություն չի իրականացվի»,- ասել է Ֆիդանյանը։
Փոխոստիկանապետը վստահեցրել է, որ եթե պարզվի, որ քաղաքապետի նկատմամբ ապօրինի գործողություններ են իրականացվել, կանցկացվի ծառայողական քննություն, մեղավորները կպատժվեն։
Նշենք, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի, 258-րդ հոդվածի 3-րդ մասի (Խուլիգանություն) և 316-րդ հոդվածի հատկանիշներով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը):
Թե ինչ կարգավիճակ ունի Զաքարյանն այս պահին չեն տեղեկացնում։
Հարցին, թե երեկվա դեպքերից հետո քանի սյունեցի է բերման ենթարկվել ու ճիշտ է արդյոք մամուլում առկա 100-ից ավելի բերման ենթարկվածների մասին լուրը, Ֆիդանյանը պատասխանել է, որ 100-ից ավելի սյունեցի չի կարող բերման ենթարկվել, և դա ակնհայտ ապատեղեկատվություն է։
Ավելի վաղ հատնել էինք, որ Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանին ոստիկանները գիշերը բերման են ենթարկել Երևան։