կարևոր
1798 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-22 10:25

Բայդենը պատրաստվում է հայտարարել որ հայերի դեմ իրականացրածը ցեղասպանություն է. The New York Times

Բայդենը պատրաստվում է հայտարարել որ հայերի դեմ իրականացրածը ցեղասպանություն է. The New York Times

Բայդենի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրը The New York Times-ին հայտնել է, որ Հայոց ցեղասպանության մասին Բայդենը կխոսի ոճրագործության 106-րդ տարելիցին իր ուղերձում:

«Ներքին քննարկումներին լավատեղյակ պաշտոնյաները հայտնում են, որ նախագահ Բայդենը պատրաստվում է հայտարարել՝ կոտորածները ցեղասպանական գործողություն են եղել: Այս քայլը կազդարարի, որ ԱՄՆ հավատարմությունը մարդու իրավունքներին գերակա է Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունները ռիսկի ենթարկելու հեռանկարին»,- գրում է պարբերականը:

Բայդենը կլինի առաջին նախագահը, որ կանի այդ քայլը, չնայած 1981 թվականին Ռոնալդ Ռեյգանը Հոլոքոստի մասին գրավոր հայտարարության մեջ հպանցիկ անդրադարձ էր արել Հայոց Ցեղասպանությանը: Իսկ 2019 թվականին ԱՄՆ ներկայացուցիչների պալատը և Սենատը ընդունեցին բանաձևեր, որոնք հիմք են ցեղասպանության ճանաչման համար:   

Ապրիլի 21-ին Սպիտակ տան ամենօրյա մամլո ասուլիսին ԱՄՆ նախագահի մամլո խոսնակ Ջեն Փսաքին պատասխանել է Հայոց ցեղասպանության տարելիցի վերաբերյալ հնչած հարցին: «Ես ակնկալում եմ, որ շաբաթ օրը մենք ավելին կունենանք ասելու Հիշատակի օրվա մասին»,- ասել է Փսաքին:

Պարբերականը հիշեցնում է նաև ԱՄՆ կոնգրեսականների նամակը, որով նրանք կոչ են անում Բայդենին իրականացնել իր նախընտրական խոստումը և ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: «Դուք իրավացիորեն  հայտարարել եք, որ ամերիկյան դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը պետք է արմատավորվեն մեր արժեքները, ներառյալ՝ մարդու համընդհանուր իրավունքների հարգումը: Այդ արժեքները պահանջում են, որ մենք ընդունենք ճշմարտությունը և անենք հնարավորը ՝ կանխելու հետագա ցեղասպանությունները և մարդկության դեմ ուղղված այլ հանցագործություններ»,- նշվում է կոնգրեսականների նամակում: