կարևոր
2974 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-22 09:15

Մեղրիի քաղաքապետին Մեղրիի ոստիկանությունից տեղափոխում են Երևան․ փաստաբան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Մեղրիի քաղաքապետին Մեղրիի ոստիկանությունից տեղափոխում են Երևան․ փաստաբան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Լուսացնում եմ Կապան-Երևան ճանապարհին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի փաստաբան Գայանե Պապոյանը։

«Մ. Զաքարյանի տանն ասացին գնում ենք Մեղրիի ոստիկանության բաժին, հասանք այնտեղ, դրսում հայտարարեցին, որ գնում ենք Կապանի բաժին, իսկ Կապանի ճանապարհին պարզվեց գնում ենք Երևան, ընդ որում՝ Երևան բերելու տեղեկությունը սեփական միջոցներով ենք հայթայթել։

Հ.Գ. Հիշեցնեմ, որ պաշտպանյալիս «հրավիրել են» ոստ. բաժին, բայց վերջինս պարտադիր ոստիկանական մեքենայով պետք է գնա ոստիկանություն՝ ըստ ապօրինի հրահանգի։

Հ.Գ. Հավանաբար ինքնակամ ներկայանալու արդյունքում ենթադրյալ սպասվելիք «շոու» օպերացիայի տապալման հետևանքով մարդամեկը հոգևարքի մեջ է՝ ամեն գնով ուզում է փաստացի բերման ենթարկի»,-գրել է փաստաբանը։

Նշենք, որ Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի փաստաբան Գայանե Պապոյանը ուղիղ հեռարձակմամբ հայտնել էր, որ Զաքարյանի հետ ինքնակամ ներկայացել են ոստիկանություն և գտնվում են Սյունիքի մարզային վարչության Մեղրիի բաժնում այն բանից հետո, երբ տեղեկացել են մամուլում տարածված հրապարակման մասին, թե իրավապահները փնտրում են Զաքարյանին:

Ոստիկանությունում իրենց ասել են, որ Մխիթար Զաքարյանի հետ կապված՝ որևէ գործողություն չի կատարվում:

Ավելի ուշ Պապոյանը ևս մեկ ուղիղ հեռարձակմամբ նշեց, որ արդեն վերադառնում են Զաքարյանի բնակության վայր:

«Մեզ հավաստիացրին, որ, նորից եմ կրկնում, Մխիթար Զաքարյանի հետ կապված այս պահին որևէ գործողություն չկա կատարելու, մենք Մխիթար Զաքարյանի հետ այս պահին ուղևորվում ենք իր բնակության վայր, և հուսով ենք, որ գործողություն լինելուն պես մեզ կտեղեկացնեն սահմանված կարգով»,- ասել է փաստաբանը:

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանին սյունեցիները դիմավորել են բողոքի ակցիայով՝ պահանջել են, որ նա հեռանա մարզից: Փաշինյանն իրեն կապիտուլյանտ անվանողներին պատասխանել է «Դուք եք կապիտուլյանտը»: Ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ քաշքշուկ է սկսվել: Նիկոլ Փաշինյանը ցանկացել է նաեւ այցելել Ագարակի գերեզմանատուն, սակայն հավաքվածները փակել են գերեզմանոցի ճանապարհը՝ թույլ չտալով նրան մտնել այնտեղ: Վերջինս Մեղրիում և Ագարակում «արժանացել է ընդունելության», մասնավորապես՝ քաղաքացիները հայհոյանքներով և «Նիկոլ դավաճան», կապիտուլյանտ վանկարկումներով են դիմավորել և ճանապարհել նրան, իսկ Քաջարան նա այդպես էլ չի կարողացել մտնել։

Փաշինյանը թիկնազորի ուղեկցությամբ մտել է Սյունիքի մարզպետարան և խորհրդակցություն անցկացրել, որի ընթացքում, մասնավորապես, նշել է. «Ես ուզում եմ անդրադառնալ այսօր Մեղրիում տեղի ունեցած միջադեպին․ հստակ է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում և ես ակնկալում եմ, որ հանրապետության իրավապահ մարմինները շատ հստակ և կոշտ կերպով կարձագանքեն իրավիճակին»: