կարևոր
1306 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-21 22:50

Ճանաչե՛ք Հայոց ցեղասպանությունը. ԱՄՆ-ի ավելի քան 100 կոնգրեսական դիմել է նախագահ Ջո Բայդենին

Ճանաչե՛ք Հայոց ցեղասպանությունը. ԱՄՆ-ի ավելի քան 100 կոնգրեսական դիմել է նախագահ Ջո Բայդենին

Այսօր ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հայկական հարցերով հանձնախմբի երկկուսակցական համանախագահներ Ադամ Շիֆը, Գուս Բիլիրակիսը, Ֆրենք Փալոնը, Դեյվիդ Գ. Վալադաոն եւ Ջեքի Սփիըրը Կոնգրեսի ավելի քան 100 կոնգրեսականի հետ միասին նամակ են հղել նախագահ Ջո Բայդենին` հորդորելով նրան ապրիլի 24-ին, իր հայտարարության մեջ պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

«Ապրիլի 24-ին աշխարհը նշելու է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը` 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրության կողմից 1.5 միլիոն հայերի սիստեմատիկ սպանությունը և տեղահանությունը: Սակայն տասնամյակներ շարունակ, մինչ աշխարհի առաջնորդները ճանաչում են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, Միացյալ Նահանգների նախագահը լռում է: Մենք միանում ենք հպարտ ամերիկահայ համայնքին և բոլոր նրանց, որոնք սատարում են ճշմարտությունն ու արդարությունը` խնդրելով, որ ապրիլի 24-ի Ձեր հայտարարության մեջ հստակ և ուղղակիորեն ճանաչեք Հայոց ցեղասպանությունը», - գրում են Ներկայացուցիչների պալատի անդամներն իրենց նամակում:

«Մենք շնորհակալություն ենք հայտնում կոնգրեսական Շիֆին, Հայկական հարցերով հանձնախմբի ղեկավար կազմի իր գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր ստորագրել են այս երկկուսակցական ուղերձը, որով կոչ է արվում նախագահ Բայդենին վերջ դնել արտաքին քաղաքականության հարցում ամերիկյան պատմության մեջ ամենաերկար արգելանքին», ասել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

«Միանալով ԱՄՆ Սենատին և Ներկայացուցիչների պալատին`Սպիտակ տունը կարող է այս շաբաթ ավարտել Անկարայի ժխտողականության մեջ ամերիկյան մեղսակցության ամոթալի դարաշրջանը: ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է փոփոխության ենթարկի ժխտողական եւ հակահայկական ագրեսիայի Թուրքիայի դիրքերի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը»,- ասված է Արամ Համբարյանի հայտարարության մեջ:

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին 100 կոնգրեսականների կողմից հղված նամակում է մասնավորապես ասված.

«Մեկ դար առաջ տեղի ունեցածի պատմական փաստը վիճարկելի հարց չէ: Այն ժամանակահատվածի ամերիկացի դիվանագետները փաստել են հայերի զանգվածային սպանդը, չնայած այն հանգամանքին, որ այն ժամանակ դեռեւս գոյություն չուներ «ցեղասպանություն» եզրույթը:

Միայն տասնամյակներ անց էր, որ Ռաֆայել Լեմկինը ստեղծեց «ցեղասպանություն» տերմինը, և դա արեց հենց հայ ժողովրդին ոչնչացնելու փորձը նկարագրելու համար:

Այս տարի Հայոց ցեղասպանությունն ըստ պատշաճի նկարագրելով` Դուք կմիանաք ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատին և Սենատին, որոնք ճնշող մեծամասնությամբ 2019 թ.-ին ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւեր:

Պարոն Նախագահ, ինչպես նախորդ տարի ասացիք ապրիլի 24-ի Ձեր հայտարարության մեջ, «Լռությունը հանցակցություն է»: Հայոց ցեղասպանության պատմական փաստի վերաբերյալ Միացյալ Նահանգների կառավարության ամոթալի լռությունը չափազանց երկար է տևել, և այն պետք է ավարտվի»:

Մենք հորդորում ենք Ձեզ, որ կատարեք Ձեր ստանձնած պարտավորությունները և ասեք ճշմարտությունը», - այսպես են ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին հղված նամակը ամփոփում ԱՄՆ-ի ավելի քան հարյուր կոնգրեսականները: