Երևանի Պռոշյան փողոցում՝ առանձնատների մուտքի մոտ բողոքի ակցիայի կազմակերպիչներից ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հավաքվածներին հայտնեց, որ Փաշինյանին հաջողվել է այլ ճանապարհով մուտք գործել տարածք։
«Մեզ նոր տեղեկացրեցին, որ նա վախեցավ մեզանից ու այստեղով մուտք չի գործելու և փորձելու է մուտք գործել ձորով` մյուս մուտքով, որտեղ մեր մյուս հայրենակիցներ ևս փակել էին։ Բայց ոստիկաններին հաջողվել է նրան աննկատ ուղեկցել իր տուն»,- ակցիայի մասնակիցներին ասաց Մանուկյանը։
Նշենք, որ քիչ առաջ ոստիկանությունը ուժ է կիրառել՝ փորձելով բերման ենթարկել բողոքի մասնակիցներին։ Ոստիկանները հրհրոց և քաշքշուկ սկսեցին՝ քաղաքացիներին հեռացնելով փողոցի երթևեկելի մասից, ապա սկսեցին բերման ենթարկել նրանց։
Այս պահին ՀՅԴ՝ բերման ենթարկված անդամները Ոստիկանության Կենտրոնի, Կոմիտասի և Մալաթիայի բաժանմունքներում են։