կարևոր
2182 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-21 20:08

Սահմանադրության և կիրառելի օրենքների համաձայն վարչապետը որևէ իրավասություն չունի անգամ կոնկրետ քրեական գործով դատախազության և քննչական կոմիտեին հարց ուղղել․ Գոհար Մելոյան

Սահմանադրության և կիրառելի օրենքների համաձայն վարչապետը որևէ իրավասություն չունի անգամ կոնկրետ քրեական գործով դատախազության և քննչական կոմիտեին հարց ուղղել․ Գոհար Մելոյան

Հարուցված քրեական գործը կամ գործերն ապօրինի են և դրանց հիման վրա որևէ անձ չի կարող ձերբակալվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով Սյունիքում վարչապետի հանձնարարականներ տալուն։

«Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսաձայնագրությունն ուղղակիորեն պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասի և 332-րդ հոդվածի 3-րդ մասի առերևույթ հատկանիշներ։

Հայաստանի Հանրապետության որևէ նորմատիվ իրավական ակտ ՉԻ նախատեսում վարչապետի լիազորություն՝

  • որևէ քրեական գործով տալ հանձնարարություն,
  • հետաքրքրվել, թե արդյո՞ք հարուցվել է քրեական գործ,
  • և, եթե այո, ապա հարուցված քրեական գործի շրջանակներում ի՞նչ գործողություններ են կատարվել։

Սահմանադրության և կիրառելի օրենքների համաձայն վարչապետը որևէ իրավասություն չունի անգամ կոնկրետ քրեական գործով դատախազության և քննչական կոմիտեին հարց ուղղել։

Ոչ պակաս զարհուրելի էր դատախազության և քննչական կոմիտեի ներկայացուցիչների քրեական գործի մամրամասների հոտնկայս զեկուցումը գործադիր իշխանության ներկայացուցչին։

Որևէ խորհրդարանական կառավարման ձեւ ունեցող երկրում նման երևույթի անհնար է հանդիպել։

Հետևաբար, հիմք ընդունելով քրեական դատավարության տեսության մեջ ամրագրված «թունավոր ծառի պտուղներն թունավոր են» կանոնը՝ հարուցված քրեական գործով Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցած քննարկումից հետո բոլոր ձերբակալումները, քննչական և դատավարական գործողությունները և դրանց արդյունքում ձեռք բերված ապացույցներն ԱՊՕՐԻՆԻ են»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ թեմային անդրադարձել էր նաև փաստաբան Ամրամ Մակինյանը և նշել, որ Փաշինյանը, չունենալով որևէ լիազորություն միջամտելու որևէ քրեական գործի, ուղղակի հանձնարարականներ է տալիս։