կարևոր
2416 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-21 17:39

Փաշինյանն ԱԱԾ տնօրենին ու ոստիկանապետին հրահանգել է «հատուկ և կտրուկ» գործողություններով պատժել իրեն ընդդիմացող ու հայհոյող սյունեցիներին․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Նիկոլ Փաշինյանն այսօր Կապանում, Սյունիքի մարզպետարանում խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ ներկա գտնվող ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին ու ոստիկանապետ Վահե Ղազարյանին հրահանգել է «հատուկ և կտրուկ» գործողություններով պատժել իրեն ընդդիմացող ու հայհոյող սյունեցիներին։

«Ես  ակնկալում եմ, որ «կտրուկ և հատուկ» գործողություններով  այս հարցը կլուծվի և մեղավորները հանրության համար տեսանելի ձևով կկանչվեն պատասխանատվության»,– ասել է Փաշինյանը։

Սյունիքի մարզպետարանում մոտ երեք ժամ տևած խորհրդակցությունից հետո Փաշինյանը դուրս է եկել մարզպետարանից և արագ հեռացել՝ ուժայինների պաշտպանությամբ և կապանցիների վիրավորական բառերի ուղեկցությամբ: Անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին անգամ իրեն սատարողներին մոտենալ Փաշինյանին։

Հիշեցնենք, որ երեկ օրվա երկրորդ կեսից Փաշինյանը գաղտնագողի ուղևորվել էր Սյունիք: Այսօր Նիկոլ Փաշինյանին սյունեցիները դիմավորել են բողոքի ակցիայով՝ պահանջել են, որ նա հեռանա մարզից: Փաշինյանն իրեն կապիտուլյանտ անվանողներին պատասխանել է «Դուք եք կապիտուլյանտը»: Ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ քաշքշուկ է սկսվել: Նիկոլ Փաշինյանը ցանկացել է նաեւ այցելել Ագարակի գերեզմանատուն, սակայն հավաքվածները փակել են գերեզմանոցի ճանապարհը՝ թույլ չտալով նրան մտնել այնտեղ: Վերջինս Մեղրիում և Ագարակում «արժանացել է ընդունելության», մասնավորապես՝ քաղաքացիները հայհոյանքներով և «Նիկոլ դավաճան», կապիտուլյանտ վանկարկումներով են դիմավորել և ճանապարհել նրան, իսկ Քաջարան նա այդպես էլ չի կարողացել մտնել։