Ապրիլի 24-ին Փարիզում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում է կազմակերպվելու կեսօրին՝ Կոմիտաս վարդապետի արձանի մոտ: Նախատեսված են պահանջատիրական երթեր տարբեր քաղաքներում, կլինեն հավաքներ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ:
Չնայած համավարակին, Ֆրանսիայի հայ համայնքը նախատեսում է մեծ թվով մասնակիցներ ներգրավել՝ ընդգծելով պահանջատիրական ձեռնարկների կարևորությունը: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը նշում է, որ այժմ ընթանում են միջոցառումների կազմակերպման աշխատանքներ՝ կատարելով որոշ հստակեցումներ:
«Մենք կապի մեջ ենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Պետք է աշխատենք, որ պատշաճ ձևով կազմակերպվեն Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումները: Աշխատում ենք, որպեսզի ներկա լինեն կառավարության ներկայացուցիչները, Փարիզի քաղաքապետը, շրջանների ներկայացուցիչները, պատգամավորները: Անշուշտ, պահպանելու ենք հակահամաճարակային կանոնները: Հարգելով օրենքները՝ մենք պետք է կազմակերպենք ապրիլի 24-ի պահանջատիրական միջոցառումները: Չէինք կարող 2021 թվականի ապրիլի 24-ին լուռ մնալ»,-նշել է Մուրադ Փափազյանը:
Ադրբեջանի սանձազերծած պատերազմին Թուրքիայի մասնակցության, վերջինիս ծավալապաշտական քաղաքականության մասին, ըստ Մուրադ Փափազյանի, պետք է բարձրաձայնել, աշխատել, որպեսզի միջազգային հանրությունը դատապարտի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործողությունները: «Ադրբեջանը պատերազմում հաջողություն գրանցեց, որովհետև Թուրքիան իր կողքին էր, ոչ միայն մասնագետներով, տեխնիկայով, այլև ջիհադիստներով: Պետք է շարունակել բարձրաձայնել, քննադատել, որպեսզի միջազգային հանրությունը դատապարտի Թուրքիայի գործողությունները: Հանուն մեր զոհված երիտասարդների պետք է շարունակենք մեր պայքարը: Պետք է աշխատենք հանուն Արցախի վերականգնման: Սա կարևոր է, Արցախը պետք է վերագտնի իր հայկական սահմանները»,-ասել է Մուրադ Փափազյանը: