կարևոր
481 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-20 22:42

ԵԽԽվ-ում ավարտվեց Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձման հարցի քննարկումը

ԵԽԽվ-ում ավարտվեց Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձման հարցի քննարկումը

Ստրասբուրգում այսօր մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում քննարկվեց Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և տեղահանված անձանց վերաբերյալ հարցը: 

ԵԽԽՎ 93 պատվիրակ կողմ էր քվեարկել «Հայ ռազմագերիներ, այլ գերիներ և տեղահանվածներ» հարցն օրակարգ մտցնելուն, 21-ը՝ դեմ, 18-ը՝ ձեռնպահ: Դեմ քվեարկած ԵԽԽՎ 21 պատվիրակից 8-ը ներկայացնում է Թուրքիան, 6-ը՝ Ադրբեջանը, 5-ը՝ Ռուսաստանը, Ռուսաստանի պատվիրակության ևս 7 անդամ ձեռնպահ է մնացել:

Ելույթի համար գրանցվել էր 30 պատվիրակ, ՀՀ պատվիրակության՝ 4 անդամ, Ադրբեջանից՝ 6:  

Մոտ մեկ ժամ տևած նիստի ընթացքում ելույթ ունեցան եվրոպացի պատգամավորներ, որոնք բարեկամաբար կամ ավելի խիստ տոնով հորդորեցին Ադրբեջանին վերադարձնել հայ ռազմագերիներին, որպեսզի «հայ-ադրբեջանական հաշտեցումը կայանա»: Ելույթ ունեցածների մեծամասնությունը դատապարտեց Ադրբեջանին նոյեմբերին կնքված համաձայնագրի կետերը չկատարելու` հայ ռազմագերիներին չվերադարձնելու համար։

Պատվիրակներից շատերը նշեցին, որ չվերադարձնելով հայ գերիներին և նրանց ենթարկելով անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների` Ադրբեջանը կոպտորեն խախտում է Ժնևի կոնվենցիան և պատերազմներին վերաբերող միջազգային օրենքներն ու նորմերը։

Ֆրանսիացի պատգամավոր Բեռնար Ֆուրնյեն Ադրբեջանի կառավարությանը կոչ արեց ազատ արձակել հայ ռազմագերիներին: «ՄԻԵԴ-ը հակամարտության ընթացքում և դրանից հետո կողմերին կոչ է արել կատարել գերիների մասին կոնվենցիայի դրույթները: ՄԻԵԴ-ը ձերբակալված անձանց վերաբերյալ բազմաթիվ դիմումներ է ստացել, որոնք ներկայացվել են կառավարությունների և հարազատների կողմից»,-ասել է նա:

Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչներն իրենց ելույթներով փորձեցին ԵԽԽՎ-ի խորհրդարանականներին հասցնել Ադրբեջանի հակահայկական քաղաքականության օրինակները։ 

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդունել է հայ ռազմագերիների փաստը, ուրեմն ճնշում գործադրեք, որպեսզի ՄԻԵԴ-ի որոշումը կատարվի՝ դիմելով եվրոպացի գործընկերներին», - հայտարարեց ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության անդամ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։ 

Պատվիրակության ղեկավար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանն էլ իր ելույթում նշել է, որ «հայ ռազմագերիներին եւ այլ գերեվարվածներին Ադրբեջանը պետք է վերադարձնի: Սա պարտադիր է, սա պարտավորություն է, եւ սա պետք է տեղի ունենա»:

Ադրբեջանից ելույթ ունեցան երկու պատվիրակ՝ Ռաֆայել Հուսեյնովն ու Կամալ Ջաֆարովը, որոնք շարունակում էին կրկնել մշտական դարձած տեքստերը «օկուպացված տարածքների» մասին։

Իսկ արդյունքում որևէ հայտարարություն կամ որոշում չընդունվեց։ ԵԽԽՎ լիագումար նիստը կշարունակվի վաղը այլ օրակարգային հարցերով: