Չեխիայի ու Ռուսաստանի միջեւ լարվածության նվազման միտում, համենայն դեպս մինչ այս պահը, չի նկատվում:
Պրահան կոչ է արել ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության իր դաշնակիցներին, որպես համերաշխության նշան, վտարել ռուսաստանցի դիվանագետներին իրենց երկրներից: Բացի այդ, Չեխիայի փոխվարչապետը չի բացառել, որ Պրահայից բոլոր ռուս դիվանագետներին կարտաքսեն:
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակն էլ ասել է՝ Վլադիմիր Պուտինը մտադիր չէ բանակցել չեխական կողմի հետ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը երկրից արտաքսել է չեխ 20 դիվանագետի: Դիվանագետների արտաքսումը Մոսկվայի հայելային պատասխանն է Պրահային: Ավելի վաղ, Չեխիան հայտարարել էր ռուս 18 դիվանագետի արտաքսելու որոշման մասին՝ նրանց մեղադրելով ռուսական հատուկ ծառայությունների օգտին աշխատելու համար: Ռուս-չեխական հարաբերությունները լարվել են, երբ Չեխիան մեղադրել է Ռուսաստանի հատուկ ծառայություններին 2014 թվականին Վրբետիցե ավանում գտնվող զինապահեստներում տեղի ունեցած պայթյունների հետ առնչություն ունենալու համար: