կարևոր
952 դիտում, 7 ամիս առաջ - 2021-04-20 18:17

Որևէ իշխանություն Հայաստանում, թե դուրսը չհամարձակվի՛ խնդրո առարկա դարձնել ցեղասպանության իրողությունը․ Հակոբ Տեր-Խաչատուրյան

Ապրիլի 20-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանություն․ Թուրքիայի պատասխանատվությունը երեկ և այսօր» խորագրով կլոր սեղան-քննարկում,  այն վարում էր ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը։

Կլոր սեղան-քննարկմանը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը նշեց, որ պետք է զգոն լինել, որ որևէ իշխանություն Հայաստանում և որևէ կառավարություն դուրսը չհամարձակվի խնդրո առարկա դարձնել ցեղասպանության իրողությունը․

«Ուրախ ենք նշելու, որ շատ երկրներ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են վերջին 5 տարում։ Այս հաջողության համար պարտական ենք մեր ժողովրդի համառ պայքարին աշխարհով մեկ, և, այդ պատճառով, ամեն տեսակի բացթողում, որ տեղի կունենա Հայաստանի մեջ, թե դուրսը այս հարցը նսեմացնելու, հարված է բոլորիս դեմ։ Դա պետք է նկատել ամենից կարևոր ու մարդկային իրավունքների պաշտպանության խնդիր, որի ճանաչումը, դատապարտումը և հատուցումը մեր բոլորի մտքի և խղճի պարտքն է»,-ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

ՀՅԴ համար Հայ դատի ոլորտը, բնականաբար, կարևորագույն ոլորտներից է, որին լծված է իր համաշխարհային կառույցով՝ նշեց Բյուրոյի ներկայացուցիչը։ Երկար տարիներ տարբեր անվանումներով գործելուց հետո, ի վերջո, այսօր եկել է Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակի սահմանմանը։

Աշխարհով մեկ աշխատանքը ծավալում է՝ կենտրոնական գրասենյակներ ունենալով ԱՄՆ-ում երկու մասնաճյուղերուվ՝ Նյու-Յորք-Բոստոն առանցքը, ինչպես նաև Լոս Անջելեսի շրջանային հանձնախմբերը, Մոսկվայի Հայ դատի գրասենյակը, Հայաստանի կենտրոնական գրասենյակը, Միջին արևելքի կենտրոնական գրասենյակը և Եվրոպայի կենտրոնական գրասենյակը։

Այս կենտրոնական գրասենյակների շուրջ համախմբված են 35 շրջանային հանձնախմբեր տարբեր երկրների մեջ։ ՀՅԴ Բյուրոն մշակում է ընդհանուր ռազմավարությունը, ապա հանձնախմբերը մարտավարական առաջադրանքը կատարում են ըստ տեղական պայմանների և առաջնահերթությունների։

Հակոբ Տեր-Խաչատուրյանն ասաց, որ ՀՀ անկախությունից հետո Հայ դատի սահմանումը ունի 4 հիմնական ոլորտներ։

Առաջինը և ամենակարևորը անկախությունից հետո Հայաստանի Հանրապետության իրազեկման՝ լոբբինգի, աշխատանքներն են աշխարհով մեկ, Արցախի Հանրապետության լոբբինգի աշխատանքն է, որի մեջ, բնականաբար, մաս է կազմում ինքնորոշման իրավունքի տարածման խնդիրը, և, ուր որ հնարավոր է, Արցախի անկախության ճանաչման հարցը։

Երկրորդը դասական օրակարգն է՝ Ցեղասպանության ճանաչման հետապնդում և պահանջատիրության էջը։

«Այս ուղղությամբ մեր նախաձեռնությունն է շուրջ 2,5 տարի առաջ ստեղծել Արդարադատության և ժողովրդավարության հայկական իրավական կենտրոն, որի հիմնական նպատակը Ցեղասպանության պահանջատիրության իրավական հիմքերը ուսումնասիրելն է և տեսնելը, թե, մանավանդ Եվրոպայի դաշտի մեջ, ինչ կարելի է անել, որպեսզի այդ իրավական բաժինը առաջ մղենք։ Նաև զբաղի Արցախի ճանաչման իրավական հիմքերով»,-ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

ՀՅԴ Արդարադատության և ժողովրդավարության հայկական իրավական կենտրոնը այսօր զբաղվում է նաև գերիների վերադարձի հարցով, և Եվրոպայում դատ է բացել Հայաստանի իրավական փաստաբանական մի խմբի հետ, որպեսզի գերիների վերադարձի պարտադրանքը ՀՀ կողքին նաև ինքն աջակցի, որ դառնա իրականություն։

Երրորդ գլուխը վերաբերում է հայապատկան հողերի վրա գտնվող հայության իրավունքների խնդրին, ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը, լինի դա Արևմտյան Հայաստանի, թե այլ երկրների մեջ՝ տեղ-տեղ որպես ազգային փոքրամասնություն, տեղ-տեղ որպես իրավական հիմք ունեցող համայնք այդ իրավունքները պաշտպանելու իմաստով։

«Միջին Արևելքի մեջ հայությունն ունի հատուկ իրավունքներ, որ ժառանգել է Օսմանյան կայսրությունից հետո ստեղծված պետությունների մեջ։ Այդ իրավունքների հետապնդումն է Լիբանանի, Սիրիայի և այլ երկրներում, ազգային փոքրամասնության կարևորագույն խնդիրներից է պոլսահայության և Արևմտյան Հայաստանի մեջ տարվող աշխատանքները, Ջավախքի պարագան և Սփյուռքի մեջ նաև հայակերտումի խնդիրը»,-բացատրեց Հակոբ տեր-Խաչատուրյանը։

Նա նշեց, որ իրենց համար հայապահպանումը ունեցածը պահպանելն է, իսկ հայակերտումը վերադարձի խնդիրը։

«Մենք այսօր ուրախ ենք տեսնելու, որ շատ շրջանների մեջ, ուր կորուսյալ հայեր ունեինք, կամ անվանապես մնացած հայեր, որոնք անունով ու ազգանունով միայն հայ էին, այսօր բավական մեծ թվով վերադարձ կա դեպի հայություն, դեպի իրենց մշակույթը, լեզուն, մեկ խոսքով՝ դեպի իրենց արմատները։ Այս օտարախոս երիտասարդությունը մեր շուրջ հավաքելու, նրանց Հայաստանի և հայության դատին լծելու աշխատանքն է նաև, որ մաս կկազմի այս երրորդ ոլորտին»,-ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Իսկ չորրորդ հիմնական ոլորտը վերաբերում է երիտասարդության քաղաքականացման խնդրին, որպեսզի տարբեր երկրներում Սփյուռքի պարագայում հնարավոր լինի այդ երիտասարդությանը մղել քաղաքական կյանքի, քանի որ, Հակոբ Տեր-խաչատուրյանի խոսքով, երբեմն անհրաժեշտ է նաև բերդը ներսից գրավել այդ տարբեր երկրներում։

«Եվ ինձ համար մեծ ուրախություն էր տեսնել ձեր ստորագրությունները կրող կոչ-խնդրագիրը, որ հասավ Վաշինգտոն՝ բավական ազդեցիկ փաստաթուղթ հանդիսացավ։ Սպիտակ տունը անդրադարձավ նրան և մենք կօգտագործենք այդ իրողությունը, որ սա միայն ամերիկյան համայնքի պահանջք չէ, սա համահայկական պահանջ է և, շեշտելով ԱՄՆ նախագահի ելույթը, որ մի քանի օրից լույս է տեսնելու, կա որոշ լավատեսություն, բայց 100 տոկոսով կանխատեսել, թե այդ ելույթում ինչ եզրույթ կգործածվի հնարավոր չէ»,-ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․