Համացանցում հայտնվել է Անվտանգության խորհրդի նիստի ձայնագրությունը, որտեղ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը ներկայացնում է, թե 2020 թվականի սեմպետմբերի 27-ին սկսված պատերազմում ինչ իրավիճակ է հայկական կողմում:
ArmLur.am-ի հետ զրույցում ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը՝ անդրադառնալով հրապարակված ձայնագրությանը նշել է.
«Պահանջում եմ հրապարակել այդ օրվա նիստի եզրափակիչ մասում ՀՀ նախագահի ելույթը եւ որից հետո իմ ելույթը ամբողջությամբ»։
Գասպարյանը պատերազմի մասին հրապարակային քննարկումներն անընդունելի է համարում և կարծում, որ դրանք կարող են անդառնալի վնաս հասցնել պետության անվտանգությանը։
«Ես հասկանում եմ, որ հասարակությանը չափազանց հետաքրքրում են պատերազմի ընթացքի և ելքի հետ կապված բազմաթիվ հարցեր, ու մեր ազգն իրավունք ունի ստանալ մարտական գործողությունների անհաջողությունների պատճառները պարզաբանող պատասխաններ։ Բայց պետք է հստակ արձանագրենք, պատերազմի մասին հրապարակային քննարկումներն անընդունելի են և կարող են անդառնալի վնաս հասցնել մեր պետության անվտանգությանը, քանի որ օպերացիաների նախապատրաստման և վարման,նրանց համակողմանի ապահովումների կազմակերպման հետ կապված հարցերը պետական և ռազմական գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն է:
Ես գտնում եմ, որ պատերազմին վերաբերող հարցերին պետք է մոտենալ սառնասրտորեն` բացառելով զգացմունքային մոտեցումները, երբ տարբեր ոլորտներ ներկայացնող մարդիկ՝ այդ թվում պաշտոնյաներ և քաղաքական գործիչներ, ռազմական գործողությունների տարբեր դրվագների վերաբերյալ տեղեկատվություն կամ նույնիսկ վերլուծություն են ներկայացնում՝ հիմնվելով ոչ ստույգ, հաճախ նաև սուբյեկտիվ աղբյուրներից ստացված տեղեկատվության վրա, դրանով իսկ, հասարակությանը մոլորեցնելով, կրքեր բորբոքում՝ ջուր լցնելով թշնամու ջրաղացին»,- նշել է Գասպարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։
ԳՇ նախկին պետն արձանագրում է, որ պատերազմը ոչ միայն ռազմական պայքար է, այլև տնտեսական, դիվանագիտական, գաղափարական, տեղեկատվական և այլ ոլորտների։ Ու թեև պատերազմները վարում են պետությունները, բայց պետք է պատրաստ լինել պատասխանատվություն կրել պետությունը պատերազմին նախապատրաստելու ու պատերազմի ժամանակ կառավարման համակարգի գործունեության համար:
Ստորև ներկայացնում ենք Օնիկ Գասպարյանի հայտարարությունը.
«Ես հասկանում եմ,որ հասարակությանը չափազանց հետաքրքրում են պատերազմի ընթացքի և ելքի հետ կապված բազմաթիվ հարցեր։Ու մեր ազգը իրավունք ունի ստանալ մարտական գործողությունների անհաջողությունների պատճառները պարզաբանող պատասխաններ։
Բայց պետք է հստակ արձանագրենք,պատերազմի մասին հրապարակային քննարկումներն անընդունելի են,և կարող են անդառնալի վնաս հասցնել մեր պետության անվտանգությանը,քանի որ օպերացիաների նախապատրաստման և վարման,նրանց համակողմանի ապահովումների կազմակերպման հետ կապված հարցերը պետական և ռազմական գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն է։ Հրապարակային քննարկումները լայն հնարավորություն են տալիս մեր թշնամիներին՝գնահատել պետության և զինված ուժերի իրական ներուժը,կանխատեսել պատերազմում կրած կորուստների վերականգման ժամկետները և բացահայտել մարտունակության հետ կապված բազմաթիվ այլ հարցեր։
Ես գտնում եմ, որ պատերազմին վերաբերող հարցերին պետք է մոտենալ սառնասրտորեն, բացառելով զգացմունքային մոտեցումները, երբ տարբեր ոլորտներ ներկայացնող մարդիկ՝ այդ թվում պաշտոնյաներ և քաղաքական գործիչներ, ռազմական գործողությունների տարբեր դրվագների վերաբերյալ տեղեկատվություն կամ նույնիսկ վերլուծություն են ներկայացնում՝ հիմնվելով ոչ ստույգ, հաճախ նաև սուբյեկտիվ աղբյուրներից ստացված տեղեկատվության վրա: Դրանով իսկ, հասարակությանը մոլորեցնելով, կրքեր բորբոքում՝ ջուր լցնելով թշնամու ջրաղացին:
Բոլորին սթափության կոչ եմ անում, կանգ առեք՝ անձնական շահերը սպասարկելու համար ի լուր աշխարհի մի բարձրաձայնեք մեր գաղտնիքները, դրանով դուք չեք նպաստում այս ծանր ճգնաժամից դուրս գալուն և պետության կայունացմանը:
Իհարկե, թերությունները, բացթողումները և սխալները պարտադիր պետք է քննարկվեն, բայց փակ ռեժիմով և համապատասխան հարթակներում՝ մասնավորապես ԶՈՒ ԳՇ -ում, անմիջապես մարտական գործողությունների ավարտից հետո սկսվել են պատերազմի վերլուծության աշխատանքները, որոնցում ընդգրկված են լավագույն մասնագետները: Քննարկումներին պարբերաբար մասնակցում են պահեստազորի սպաներ, ռազմարդյունաբերական ոլորտը ներկայացնող պաշտոնյաներ:
Սեղմ ժամկետներում աշխատանքները կհասցվեն ավարտին և մենք կունենանք պատերազմի ընթացքի և ելքի հետ կապված բոլոր հարցերի ամբողջական և օբյեկտիվ պատասխանները:
Ես դեռևս նոյեմբերի 17-ի իմ հայտարարության մեջ շեշտել եմ , որ պատասխանատվություն եմ կրում ԶՈՒ - ի հաջողությունների և անհաջողությունների համար: Չկա մեկը, ով կարող է ԶՈՒ ղեկավար կազմին մեղադրել պատասխանատվությունից խուսափելու և մեղքը այլ անձանց վրա բարդելու մեջ: Մենք շահագրգռված ենք բազմակողմանի վերլուծությունների արդյունքում( քննիչ հանձնաժողովներ, քրեական գործեր) օբյեկտիվորեն ի հայտ բերել անհաջողությունների պատճառները և պատասխանատուներին ու նաև պատրաստ ենք պատասխանատվություն կրել մեր գործունեության համար, բայց նաև ունենք բազմաթիվ հարցեր ՀՀ քաղաքական ղեկավարությանը:
Պատերազմը ոչ միայն ռազմական պայքար է ներառում, այլ նաև տնտեսական, դիվանագիտական, գաղափարական, տեղեկատվական և այլ ոլորտներ: Մի մոռացեք, որ պատերազմները վարում են պետությունները և պատրաստվեք պատասխանատվություն կրել պետությունը պատերազմին նախապատրաստելու ու պատերազմի ժամանակ կառավարման համակարգի գործունեության համար»:
Հիշեցնենք, որ ԱԽ-ն ապրիլի 15-ին հրապարակել էր այդ հայտարարության տեքստային տարբերակը, որի մեծ մասի գաղտնիությունը պահպանված էր, այսինքն` հրապարակվել էր մի քանի նախադասություն։