կարևոր
604 դիտում, 2 շաբաթ առաջ --> 2021-04-20 17:10

ԱՄՆ նախագահի վարչակազմն արձագանքել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայ պատմաբանների նամակին

ԱՄՆ նախագահի վարչակազմն արձագանքել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայ պատմաբանների նամակին

 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գրասենյակն արձագանքել է հայ պատմաբանների նամակին՝ Ցեղասպանություն եզրույթը գործածելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացրել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

«Հայոց ցեղասպանություն. Թուրքիայի պատասխանատվությունը երեկ և այսօր» խորագրով կլոր-սեղան քննարկման ժամանակ Աշոտ Մելքոնյանը հրապարակեց ԱՄՆ նախագահի վարչակազմի նամակագրության բաժնից ստացված պատասխանի բովանդակությունը:

Նամակում ԱՄՆ նախագահ Բայդենի և փոխնախագահ Հարիսի վարչակազմը, շնորհակալություն հայտնելով հայ պատմաբաններին կապ հաստատելու և  տրամադրված տեղեկատվության համար, գնահատել են իրենց հետ շփվելու յուրաքանչյուր հնարավորություն:

«Մեր երկիրը բախվում է բազմաթիվ մարտահրավերների և Ձեր նմանօրինակ նամակները օգնում են մեզ՝ ավելի պարզ և լավ հասկանալու, թե Բայդեն-Հարիս վարչակազմն ինչպես կարող է օգտակար լինել Ձեզ: Մենք ուշադիր կուսումնասիրենք նամակը և կաշխատենք ընթացք տալ»,-ինչպես հայտնեց Մելքոնյանը, հայ պատմաբանների նամակին ի պատասխան՝ մասնավորապես նշված է Սպիտակ տան պատասխանում:

Մելքոնյանի հաղորդմամբ՝ Հայ պատմաբանների ընկերակցության և գիտական հանրության նամակը ԱՄՆ նախագահական նստավայր էր հասել ցեղասպանագետ Անահիտ Խոսրոևայի ջանքերով:

Կարևորելով այն, որ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում վճռորոշ է նախագահի դիրքորոշումը՝ Հայ պատմաբանների ընկերակցությունն ու գիտական հանրությունը նամակ էին ուղղել Ջո Բայդենին, որպեսզի ապրիլի 24-ին ընդառաջ՝ համապատասխան հետևություններ արվեին Ցեղասպանություն բառը գործածելու հարցում: Մելքոնյանը դիտարկմամբ՝ նամակի պատասխանից կարելի է ակնկալիքներ ունենալ, որ ԱՄՆ-ն նախագահի մակարդակով կօգտագործի Ցեղասպանություն բառը: