կարևոր
661 դիտում, 2 շաբաթ առաջ --> 2021-04-19 21:48

Հայաստանի իշխանություններն ապրիլի 24-ին ոչ մի պատշաճ գիտական միջոցառում չեն կազմակերպել. Գիտական խորհրդաժողով են կազմակերպել մասնագետները

Հայաստանի իշխանություններն ապրիլի 24-ին ոչ մի պատշաճ գիտական միջոցառում չեն կազմակերպել. Գիտական խորհրդաժողով են կազմակերպել մասնագետները

«Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ն Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի հետ համագործակցությամբ ապրիլի 23-ին ժամը 09:30-ից մեկնարկելու է «Հայաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում. իրողություններ և ռիսկեր» խորհրդաժողովին, որի ընթացքում զեկուցողները կներկայացնեն Հարավային Կովկասում Թուրքիայի վարած քաղաքականության առանձնահատկությունները (աշխարհաքաղաքականություն, ռազմական և դիվանագիտական ասպեկտներ, ժողովրդագրություն և այլն)։

«2020թ. Արցախյան երրորդ պատերազմից հետո Հայաստանում և Հարավային Կովկասում ստեղծվել է նոր աշխարհաքաղաքական և սոցիալական իրողություն։ Տարածաշրջանում կտրուկ մեծացել է Թուրքիայի Հանրապետության դերակատարությունը։ Հարավային Կովկասում Թուրքիայի գործոնի համալիր ուսումնասիրությունը հնարավորություն կտա վերհանելու այն ռիսկերը և հեռանկարները, որոնք կանգնած են Հայաստանի և հայության առջև»,-ասված է հայտարարությունում։

Թուրքագետ Վարուժան Գեղամյանն էլ ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ապրիլի 20-ին Թուրքիայի նախագահի աշխատակազմը անցկացնելու է Հայոց ցեղասպանության թեմայով միջազգային գիտաժողով, որի ժամանակ ներկայացվելու են թուրքական ժխտողականության հերթական թեզերը՝ ամեն ինչում մեղադրելով հայերին (կից այդ գիտաժողովի պաստառն է)։

«Իմիջիայլոց, գիտաժողովի բացումն անելու է նախագահի գլխավոր խորհրդական Ֆ. Ալթունը։

Այս նորությամբ կիսվում եմ արձանագրելու համար այն տխուր փաստը, որ Հայաստանի իշխանությունները այս տարի ապրիլի 24-ին ընդառաջ ոչ մի պատշաճ գիտական ու միջազգային ծավալների միջոցառում չեն կազմակերպել Հայոց ցեղասպանության թեմայով»,-գրել է Գեղամյանը։

Էդգար Էլբակյանն էլ ցավալի է համարում, որ պետականորեն որևէ գիտակիրառական միջոցառում նախատեսված չէ։

«Է՛լ ավելի ցավալի է, որ նման մի միջոցառում պետականորեն արդեն վաղն իրականացնելու է ցեղասպան կողմը՝ Թուրքիան։ Բայց լրիվ անընդունելի կլիներ, եթե մենք՝ հայկական ազգային նախագծի կրողներս, ոչինչ չնախաձեռնեինք»։