կարևոր
889 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-19 20:10

Գյուղացիներն ուզում են կաղամբն ու կարտոֆիլը բերեն և նետեն ԱԺ-ի, Կառավարության շենքի դիմաց, ոչ թե տանեն աղբանոցներ. Վանո Կարապետյան

Գյուղացիներն ուզում են կաղամբն ու կարտոֆիլը բերեն և նետեն ԱԺ-ի, Կառավարության շենքի դիմաց, ոչ թե տանեն աղբանոցներ. Վանո Կարապետյան

Գեղարքունիքի մարզում բնակիչները կանգնել են կարտոֆիլի, կաղամբի բերքի իրացման խնդրի առաջ: Կաղամբն ու կարտոֆիլը մնացել է բնակիչների պահեստներում չեն կարողանում վաճառել և ստիպված դեն են նետում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնել է հասարակական գործիչ Վանո Կարապետյանը:

«Գյուղացուց կարտոֆիլը գնում են լավագույն դեպքում 80-100 դրամով, գյուղացին պետք է մեքենա վարձի, որ կարողանա ապրանքները տանել դեպի կենտրոն, ու եթե հաշվարկենք, պարզ կդառնա, որ շուկա դուրս տանելու համար մարդը մինուս է դուրս գալիս, անգամ զրո չի կանգնում»,- ասել է Վանո Կարապետյանը:

Նա նաև տեղեկացրել է՝ գյուղացիները ստիպված դեն են նետում մնացած կաղամբն ու կարտոֆիլը և ուզում են հանդես գալ մի նախաձեռնությամբ:

«Գյուղացիները անգամ գումար չունեն ավտոմեքենա վարձելու համար, որպեսզի պահեստների ապրանքը տանեն աղբանոցներ: Վարդենիսում վիճակը անմխիթար է, գյուղացիները ճգնաժամի առաջ են, քանի որ ապրուստի հիմնական միջոցը գյուղատնտեսությունն է: Ժողովուրդը ուզում է հանդես գալ նախաձեռնությամբ՝ մթերքը լցնել ԱԺ-ի, Կառավարության, մարզպետարանի դիմաց, որ այդ կերպ հայտնեն իրենց բողոքը»,- տեղեկացրել է նա:

Հասարակական գործիչը նշեց՝ տրանսպորտ-շուկա կապը մարզում բացարձակապես չի գործում: «Տրանսպորտ չկա, որ գյուղացին ապրանքը տանի հասցնի վաճառողին, այսինքն՝ եռանկյունին՝ արտադրանք-տրանսպորտ-շուկա կապը բացակայում է»,- նշել է հասարակական գործիչը։