կարևոր
379 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-19 17:25

Մարդկանց մշակույթով պետք է սփոփել. 10-րդ անգամ Երևանում կնշվի Ջազի միջազգային օրը

Մարդկանց մշակույթով պետք է սփոփել. 10-րդ անգամ Երևանում կնշվի Ջազի միջազգային օրը

2011 թ-ից հայտնի երաժիշտ, կոմպոզիտոր, դաշնակահար Հերբի Հենկոկի նախաձեռնությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ապրիլի 30-ը հռչակել է Ջազի միջազգային օր: Արդեն 10-ը տարի է Ջազի միջազգային օրվան միացել է նաև մեր երկիրը: Նախաձեռնության հեղինակը Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանն է: Այն ժամանակ Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետն էր և քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ նախաձեռնեց, որ Ջազի միջազգային օրը ընդգրկվի քաղաքապետարանի միջոցառումների ցանկում: Այդպես սկսվեց նշվել ամեն տարի և դարձավ Երևանից անբաժան: 

10-ը տարի է անցել և այդ ընթացքում Ջազի միջազգային օրը բազմաթիվ ջազ լեգենդներ են եկել Երևան` բասկիթառահար Ռիչարդ Բոնանը, սաքսոֆոնահար Չիկո Ֆրիմանը,  «Գրեմմիի» քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբան, դաշնակահար, կոմպոզիտոր Սերգեյ Մանուկյանը: Այդ օրը սովորաբար ջազ աստղերը պահանջված են լինում ամբողջ աշխարհում: Այնպես, որ նրանց Հայաստան բերելը հեշտ չի եղել: Պատահել է, որ այցին նախորդել են երկար ու դժվար բանակցությունները: 

«Բասկիթառահար Ռիչարդ Բոնանի հետ բավականին երկար բանակցություններ էին ընթանում, քանի որ չգիտեր որտեղ է Հայաստանը, ինչ երկիր է»,- հիշում է Կամո Մովսեսյանը,- «Առաջին հանդիպումը եղավ «Yerevan Jazz Fest»-ի ժամանակ` 2015թ-ին: Մի լավ շրջեցինք Հայաստանում, ծանոթացրեցինք մեր ճարտարապետական գոհարներին, հայկական խոհանոցին, ջերմ հյուրընկալությանը, մեկնելուց առաջ ասաց` չէր կարող պատկերացնել, որ այսպիսի փոքր երկիրը կարող է նման հարուստ մշակութային ժառանգություն ունենալ: Իր համար բացահայտել էր Կոմիտասի երաժշտությունը և թույլտվություն էր խնդրում Կոմիտաս կատարել: Երևանում ելույթի ժամանակ ներկայացրեց Կոմիտասի «Լորիկը»՝ իր մեկնաբանությամբ: Այդ ելույթը առիթ դարձավ, որ Երևան  հրավիրենք նաև Ջազի միջազգային օրը»:

Խոսելով Ջազի միջազգային օրը Երևան եկած համաշխարհային աստղերի մասին, Կ. Մովսեսյանը հատուկ նշում է  «Գրեմմիի» քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբային: Նրա հետ ևս ծանոթացել են «Yerevan Jazz Fest»-ի ընթացքում. «Երբ հրավիրեցի Ջազի միջազգային օրը գալ Երևան, ասաց` գիտես այդ օրը մոտ 15 երկրից հրավեր ունեմ, բայց ես կգամ Հայաստան: Մեզ համար դա ցնցող լուր էր: Ես խոստացա այդ օրը համերգ կազմակերպել Արամ Խաչատրյան համերգասրահում, ապա նա Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հարակից պուրակում /Կասկադի պուրակ/ միացավ հայ ջազմեններին»:
Կամո Մովսեսյանը նշում է, որ աշխարհի լավագույն դաշնակահարներից մեկը համարվող Գոնսալո Ռուբալկաբանի Հայաստան գալու հանգամանքը առանձնահատուկ ոգևորել էր ջազ երաժիշտ Լևոն Մալխասյանին: 

«Գոնսալո Ռուբալկաբան նվագում է բացառապես Steinway & Sons տեսակի ռոյալի վրա /իր պայմանագրում նա միշտ նշում է այդ մասին/, համերգից առաջ դա նրա միակ պահանջն էր: Իհարկե Ա. Խաչատրյան համերգասրում նա նվագեց Steinway & Sons ռոյալի վրա, սակայն այդ թանկարժեք գործիքը Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հարակից պուրակ /Կասկադի պուրակ/ անհնար էր տեղափոխել: Ես կարծում էի պուրակում համրեգը կտապալվի, մեծ բազմություն էր հավաքվել, սպասում էին անհամբեր, նա ասաց` մի մտածիր, կնվագեմ: Ուսերիցս ծանր բեռ ընկավ»,- Ռուբալկաբայի այցի ամենավառ տպավորություններից է նշում Կամո Մովսեսյանը: 

Ջազի հայկական ասոցիացիայի նախագահը նշում է, որ Ջազի միջազգային օրը նշանավորվել է նաև արտերկրում ապրող հայ երաժիշտների այցով, որոնք ուղղակի բացահայտում են եղել:  Խոստովանում է, որ Մակեդոնիայում ապրող հայտնի Թավիջյան եղբայրների հետ ծանոթությունը երբեք չի մոռանա. «Երբ առաջին անգամ համացանցում տեսա Տիրան և Կարո Թավիջյան եղբայրների համերգը, թե որքան մարդ էր ներկա և ինչպես էին ընդունում, շատ տպավորված էի, ոգևորորված: Մենք ունեինք այդպիսի տաղանդավոր ջազմեն հայրենակիցներ, որոնց, սակայն, մեր երկրում չէին ճանաչում: Հենց Թավիջյան եղբայրներն էլ եղել են մեր առաջին միջազգային հյուրերը: Նրանց համար կարծես բացահայտում էր Հայաստանը, մենք փաստորեն նպաստեցինք, որ հայ երաժիշտները կապվեն հայրենիքի հետ, ճանաչեն այն: Երևան այցի ընթացքում նույնիսկ ցանկություն հայտնեցին կատարել Կոմիտասի գործերից` ջազային մշակումներով»: 

Այս բոլոր տարիների ընթացքում Երևանում Ջազի միջազգային օրը հատուկ տոնի է վերածվել: Երևանից բացի հասել է նաև Գյումրի: Ջազի հայկական ասոցիացիայի Գյումրիի մասնաճյուղի ղեկավար Մկրտիչ Մանուկյանը «Ջազը թանգարանների բակում» նախաձեռնությամբ 4 օր Գյումրիի թանգարանների բակերում ջազի համերգներ էր կազմակերպում: Հանգամանքը նկատել են նույնիսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ջազի գրասենյակում,  ղեկավար Հերբի Հենկոկի կողմից շնորհակալական նամակ են ուղարկել Ջազի հայկական ասոցիոցիային: Շնորհակալություն են հայտնել, որ Հայաստանը միացել է Ջազի միջազգային օրվան և այդպիսի շուքով է նշում` նպաստելով ջազի տարածմանը:  

Այս անգամ, ապրիլի 30-ին Ջազի միջազգային օրը Երևանում կնշվի 10-րդ անգամ: Հաշվի առնելով Քովիդի համաճարակն ամբողջ աշխարհում, մեր երկրի իրավիճակը, արտերկրից հյուր չի լինի: Կամո Մովսեսյանը նշեց, որ համերգները կկայանան Սիրահարների այգում: Ջազի սիրահարները սիրահարների այգում կհանդիպեն մեր երկրում ապրող բոլոր հայտնի ջազմեններին՝ Լևոն Մալխասյան, Վահագն Հայրապետյան, Արմեն Հյուսնունց, Կարեն Մամիկոնյան և բազմաթիվ այլ կատարողներ:   Ելույթները միաժամանակ մի քանի հարթակներում կլինեն: Հանդիսատես-բեմ սահմանը չի լինի, ջազի սիրահարները հնարավորություն կուենան հանգիստ շփվելու իրենց սիրելի երաժիշտների հետ: Հայաստանը ծանր ժամանակներ է ապրում, հետպատերազմյան լարվածության պայմաններում Ջազի միջազգային օր անցկացնելը գուցե սխալ ընկալվի, սակայն Կամո Մովսեսյանի կարծիքով նպատակը մշակույթի մեջ սփոփանք գտնելն է: 

 

Մշակույթ

 

Մշակույթ

 

Մշակույթ

 

Մշակույթ

 

Մշակույթ

 

Մշակույթ