կարևոր
583 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-19 15:58

Կորոնավիրուսով պայմանավորված՝ Հայաստանում գրանցվել է մահաբերության ցուցանիշի աճ

Կորոնավիրուսով պայմանավորված՝ Հայաստանում գրանցվել է մահաբերության ցուցանիշի աճ

Հայաստանում դեռևս կորոնավիրուսային առումով լարված իրավիճակ է: Այս մասին մամուլի  ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

«Օրական հանրապետությունում արձանագրվում է միջինը 800-1000 նոր դեպք, սա մեր երկրի համար լուրջ ցուցանիշ է, ինչը ծանրաբեռնում է առողջապահական համակարգը: Ցավոք, մենք արդեն ունենք մահաբերության ցուցանիշի աճ, ինչը խիստ մտահոգիչ է»,-ասել է Աբովյանը:

Անդրադառնալով ապրիլի 24-ին սպասվող Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներին՝ Ռոմելլա Աբովյանը նշել է, որ գլխավոր հորդորը նույնն է՝ բարձրացնել զգոնությունը և հատկապես փակ տարածքներում պահպանել կորոնավիրուսի հետ կապված բոլոր կանոնները: Մասնագետը բնակչությանը հորդորում է հնարավորինս չստեղծել կուտակումներ, և՛ բաց, և՛ փակ տարածքներում կրել դիմակներ, հնարավորինս պահպանել սոցիալական հեռավորություն:

«Մարդկանց շփումներով պայմանավորված՝ կմեծանա հիվանդության տարածման ռիսկը, և մենք կարող ենք դեպքերի լուրջ աճ արձանագրել: Խնդիր է դառնում հիվանդներին հիվանդանոցներում տեղավորելու հարցը: Հիվանդանոցների մահճակալային ֆոնդը գրեթե սպառված է»,-ասել է Ռոմելլա Աբովյանը: