կարևոր
466 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-19 14:18

ԵԽԽՎ քաղաքական խմբերում քննարկվել է հայ ռազմագերիների հարցը

ԵԽԽՎ քաղաքական խմբերում քննարկվել է հայ ռազմագերիների հարցը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի  քաղաքական խմբերում թեժ քննարկվել է հայ ռազմագերիների հարցը:

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է հայկական պատվիրակության անդամ, ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը մեկնարկել է, և քաղաքական խմբերում սկսվել է հայ ռազմագերիների հարցի քննարկումը: Եվրոպայի ռեֆորմիստների և ժողովրդավարների քաղաքական խմբում հայ ռազմագերիների վերաբերյալ քննարկումը ևս բավականին թեժ էր։ Ես ներկայացրել եմ անհերքելի փաստեր՝ հաստատված Կարմիր խաչի և Եվրոպական դատարանի կողմից հայ ռազմագերիների թվի վերաբերյալ, ներկայացրել եմ փաստեր հայ ռազմագերիների խոշտանգումների վերաբերյալ և խոսել եմ միջազգային իրավունքի և միջազգային այն կոնվենցիաների մասին, ըստ որոնց, Ադրբեջանը պարտավոր է առանց որևէ նախապայմանի վերադարձնել հայ ռազմագերիներին»,- հայտնում է Զոհրաբյանը:

Պատգամավորը նշել է նաև, որ Ադրբեջանի «պատճառաբանությունը», թե նոյեմբերի 10-ից հետո գերեվարվածները ռազմագերիներ չեն, անամոթ և միջազգային իրավունքը ոտնահարող լկտի սուտ է: Զոհրաբյանը կոչ է արել Եվրոպայի խորհրդին օգտագործել իր բոլոր լծակները՝ հայ ռազմագերիներին ազատելու համար։

Ադրբեջանական պատվիրակության անդամները, խեղաթյուրելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, կրկին շեշտել են, թե նոյեմբերի 10-ից հետո գերեվարվածները ռազմագերիներ չեն, և նրանց հանդեպ դեռևս իրավական-դատական գործընթաց պիտի տեղի ունենա, և չունենալով որևէ լուրջ հակափաստարկ, նրանք սկսել են խոսել, որ անցած 30 տարիներին «զավթվել» ու «ավիրվել» են իրենց տարածքները:

Հայ ռազմագերիների հարցի հիմնական քննարկումը տեղի կունենա ապրիլի 20-ին՝ օրվա երկրորդ կեսին: «Եվ քանի որ քաղաքական հիմնական խմբերում գերակշռում է տեսակետը, որ Ադրբեջանը անհապաղ պիտի կատարի Ժնևի 3-րդ կոնվենցիան և ազատ արձակի հայ բոլոր ռազմագերիներին, վստահ եմ, որ քննարկումները արդյունավետ են լինելու»,-նշել է Զոհրաբյանը:

Թեև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության 8-րդ կետով հստակ շեշտվել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակման մասին, սակայն Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է այս գործընթացը՝ ամբողջությամբ հետ չվերադարձնելով հայ ռազմագերիներին և պահվող այլ անձանց: