Բարձրագույն որակավորման կոմիտեի պաշտոնական կայքի «ՀՀ գիտական աստիճանաշնորհման հետ առնչություն ունեցող մարդիկ» բաժնում որևէ հիշատակում չկա Գագիկ Ջհանգիրյանի, նրա գիտական աստիճանի, գիտական թեմայի մասին և այլն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
«Նա յոթերորդ գումարման ՀՀ Ազգային ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ է ընտրվել որպես իրավաբան գիտնական, սակայն պարզվում է, որ նա չունի գիտական աստիճան, հետևաբար գիտնական համարվել չի կարող։ Ստացվում է, որ Գագիկ Ջհանգիրյանը չի կարող լինել Բարձրագույն դատական խորհրդի անդամ ոչ միային 65 տարին լրացած լինելու հանգամանքով, այլև օրենսդրությանը չհամապատասխանող այլ հանգամանքներով։ Բայց նա այսօր ոչ միայն ԲԴԽ անդամ է, այլև, որպես տարիքով ավագ դատավոր, ժամանակավորապես ստանձնել է ԲԴԽ նախագահի պարտականությունների կատարումը»,-նշել է Ղազարյանը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունն առաջադրելիս նշել էին նրա իրավաբան-գիտնական լինելու փաստը: Ինքը՝ Ջհանգիրյանն ասել էր, թե դատավորների համար տարիքային սահմանափակումներ նախատեսվում են, իսկ իրավաբան-գիտնականների համար տարիքային առավելագույն սահման նախատեսված չէ: