կարևոր
1738 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-17 11:43

Սիմոն Մարտիրոսյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը չպետք է նույնացնել մեղադրական դատավճռի հետ, նա դեռ հպարտության շատ պահեր է պարգևելու բոլորիս․ պաշտպան

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի պաշտպաններից Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով դատախազության երեկվա հայտարարությանը՝ Մարտիրոսյանին մեղադրանք առաջադրելու մասին։

«Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության երեկվա պարզաբանումը հասարակության շրջանում բազմաթիվ հուսահատ մեկնաբանությունների առիթ է հանդիսացել, ոմանք նույնիսկ մտահոգություն են հայտնում առաջիկա օլիմպիական ոսկին կորցնելու հավանականության մասին։ Հարկ եմ համարում տեղեկացնել, որ նրան համապատասխան դատավարական կարգավիճակ տալը բխում է քրեական գործով օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն ապահովելու օրենսդրական պահանջից, ուստի խնդրում եմ անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը չնույնացնել մեղադրական դատավճռի հետ։ Վստահ եղեք՝ Ս.Մարտիրոսյանը դեռ հպարտության շատ պահեր է պարգևելու բոլորիս, իսկ մնացածի մասին կխոսենք հետագայում՝ ինչպես խոստացել ենք»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունից վերադառնալուց հետո ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը «Երևան մոլ» առևտրի կենտրոնի դիմաց մահացու վրաերթի է ենթարկել փողոցը ոչ թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։ Սիմոն Մարտիրոսյանը փախուստի չի դիմել, զանգահարել ոստիկանություն, շտապօգնություն, ապա օգնել, որ վրաերթի ենթարկվածին տեղափոխեն հիվանդանոց: