18.05.2022
|
||
---|---|---|
USD | 457.49 +2.63 | |
GBP | 567.15 +0.08 | |
EUR | 481.19 +2.90 | |
GEL | 156.14 +2.80 | |
RUB | 7.22 +0.04 |
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ՀԿ-ն եւ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը դատի են տվել ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: Դատական տեղեկատվական համակարգում նշված է, որ հայցը ներկայացվել է ապրիլի 15-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանին:
ՀՖՖ-ն պահանջում է զրպարտություն պարունակող ոչ հավաստի փաստական տվյալները հրապարակայնորեն հերքել, ինչպես նաեւ պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված ոչ նյութական վնասը հատուցել:
Նշենք, որ մարտի 17-ին Մարուքյանը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերով անդրադարձել էր «Լոռի» ֆուտբոլայի ակումբի Հայաստանի առաջնությունը լքելու որոշմանը: «Հայաստանում շուրջ ութ ամիս է՝ ընթանում է ֆուտբոլի առաջնություն, այս պահին Լոռու թիմը երրորդ տեղում է։ Գիտեք՝ ինչ դժվար ճանապարհ է անցել «Լոռի» ֆուտբոլային ակումբը, և այս թիմի նկատմամբ այնպիսի ապօրինություններ են տեղի ունենում ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի մակարդակով, որ ուղղակի մարդկանց նյարդերը տեղի են տալիս, անարդարությունների ծավալը այնքան մեծ է, այն մասշտաբի խայտառակություն է տեղի ունենում, որ Լոռու ֆուտբոլային ակումբի ղեկավարը հայտարարություն է տարածել, որ նա ստիպված է այս պայմաններում դուրս գալ Հայաստանի առաջնությունից: Այ ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության ապագան ապագա չէ, քրեակատարողական ապագա է սպասվում այդ մարդկանց։ Հետամուտ ենք լինելու մինչև վերջ, պատասխան եք տալու, չեք մարսելու ոչ մի ձև»,-ասել է Մարուքյանը։
ՀՖՖ-ն արձագանքել էր Մարուքյանի հայտարարությանը՝ նշելով. «Մեր գնահատմամբ՝ Էդմոն Մարուքյանը, հակասելով մարզական հիմնարար սկզբունքներին, փորձում է քաղաքականացնել հայկական ֆուտբոլը, ինչն անթույլատրելի է հատկապես ներկա պահին, երբ Հայաստանի ազգային հավաքականն օրեր անց մեկնարկելու է Աշխարհի գավաթի ընտրական փուլում։ Ֆուտբոլի քաղաքականացումն անընդունելի և դատապարտելի քայլ է:
«Եվ վերջապես, ՀՖՖ ղեկավարության վերաբերյալ ինչ-որ «քրեական փաստերի» մասին պարոն Մարուքյանի արած սպառնալիքի վերաբերյալ: Պաշտոնապես պահանջում ենք հրապարակել նման փաստեր, եթե դրանք առկա են, հակառակ դեպքում՝ հրապարակային ներողություն խնդրել ՀՖՖ ղեկավարությունից՝ պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար»։