Օրերս Արցախում էր Լիբանանի «Արցախ ֆոնդ»-ում ՀՅԴ Լիբանանի ԿԿ ներկայացուցիչ Արմեն Թաշճյանը: Արցախում բազում բարեգործական, զարգացման ծրագրեր իրականացրած կազմակերպությունը 1990-ականներին գործում էր որպես Արցախի օժանդակության մարմին, այնուհետև վերանվանվել է «Արցախ ֆոնդ»:
Արմեն Թաշճյանը պատերազմից հետո առաջին անգամ է այցելում Արցախ: Հիմնական նպատակն է՝ հետպատարեզմյան իրողություններից ելնելով ծանոթանալ նոր պայմաններին, տվյալներ հավաքագրել, ձեռք բերել տեղահանված ընտանիքների կարիքների, վնասված կառույցների մասին վիճակագրական տվյալներ և ըստ այդմ ֆոնդի գործող ծրագրերը վերամշակել, բյուրեղացնել կամ նորերը կյանքի կոչել:
«Մեր ծրագրերը հիմնականում ուղղված էին ազատագրված տարածքներում ժողովրդագրական պատկերի բարելավմանը: Բայց հիմա ազատագրված տարածքները բռնագրավվել են, պետք է ժամանակավորապես սահմանափակվենք այս կղզյակով և փորձենք ժողովրդական ամրությունն այստեղ ապահովել»,- նշել է Արմեն Թաշճյանը՝ ավելացնելով, որ մտածում են տնային տնտեսությունների հետ կապված զարգացումը խթանել, որպեսզի հատկապես գյուղական համայնքներն ուժեղ, ինքնաբավ զգան:
Քաշաթաղի, Քարվաճառի շրջաններում իրականացնում էինք «Նոր կյանք, նոր հույս» անունով ծրագիրը, այժմ այն իրականացվելու է այլ գյուղական բնակավայրերում: «2006թ. սկսած մինչև պատերազմը մենք 3 և ավելի զավակ ունեցող 1600 ընտանիքների մեղվափեթակ, կով, ոչխարներ ենք տրամադրել: Բացի դրանից, այլ ծրագիր էլ կար, որը պետք է այժմ վերամշակել: Խոսքը «Գույք Արցախի դպրոցներին» ծրագրի մասին է: Նախապես այդպիսի ծրագրեր իրագործել ենք Կովսականում, Թալիշում: Հիմա պետք է տվյալներ ունենանք այստեղ վնասված դպրոցների հետ կապված և ըստ այդմ գործի լծվենք»,- ասել է «Արցախ ֆոնդ»-ի ներկայացուցիչը:
«Արցախում ֆոնդ»-ի հովանավորությամբ նաև լիբանանահայ երիտասարդները մասնակցում էին «Ասպետ» ռազմահայրենասիրական ճամբարին: ԱՀ ԿԳՄՍ նախարարության հետ պայմանավորվածության համաձայն՝ Լիբանանի վարժարանների հայ աշակերտներն ամեն տարի մասնակցում էին այդ ճամբարին: Արմեն Թաշճյանը ծրագիրը կարևորել է Արցախի ճանաչողության, հայրենասիրական դաստիարակության իմաստով, որը մեծ խանդավառություն էր առաջացնում: Բայց ներկա պայմաններում պետք է դեռևս պարզել ճամբարին մասնակցելու հնարավորությունը:
Արցախում Արմեն Թաշճյանը հանդիպումներ է ունեցել ՀՅԴ Արցախի ԿԿ-ի, ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության աշխատակիցների, ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի, փոխնախարար Գայանե Գրիգորյանի հետ, այցելել մի շարք բնակավայեր:
Այդ հանդիպումների արդյունքում ստացած տեղեկությունների, ձեռք բերած տվյալների հիման վրա նոր քննարկումներ են ունենալու:
Սոցիալ-տնտեսական առումով լիբանանահայ գաղութը և ընդհանրապես Լիբանանը այժմ գտնվում են ճգնաժամի մեջ: Սակայն, չնայած դրան, լիբանանահայերը պատրաստակամ են օգնել Արցախին: «Տնտեսական կարողականության իմաստով լիբանանահայ գաղութը շատ բան է կորցրել, ճգնաժամային վիճակում է, բայց ընդառաջելով Դաշնակցության կոչին՝ «Արցախ ֆոնդ»-ը ձեռնարկեց ժողովրդային հանգանակություն, որի արդյունքում պատկառելի գումար է գոյացրել: Այդ գումարն է, որ պետք է փորձենք ինչ-որ ծրագրերի հատկացնել»,- ասել է Ա. Թաշճյանը:
Նրա խոսքով՝ պատերազմի ընթացքում կազմակերպված հանգականությունը ժողովրդական լայն մասնակցություն է ապահովել՝ հակառակ տնտեսական, ֆինանսական մեծ դժվարություններին:
«Նախկին կարողականությունը չկա, բայց Արցախը մեր ուշադրության կիզակետը պետք է լինի, այն մեր ազատագրական պայքարի ամենակարևոր և այժմեական կետն է: Այդ իմաստով հույս ունենք, որ մյուս գաղութները ևս իրենց ճիգերը կբազմապատկեն, որպեսզի հենարան հանդիսանան Արցախի ժողովրդին ու պետությանը՝ հետպատերազմական վիճակը հաղթահարելու և հույսի հորիզոններ շոշափելու համար»:
Հիշեցնենք, որ «Հետք»-ը հրապարակել էր «Հայության հավաքական ջանքերով կատարված ներդրումները Ադրբեջանին հանձնված տարածքներում» վերլուծությունը, որում նշվում է, որ Քաշաթաղի և Քարվաճառի (Շահումյանի շրջան) շրջաններում ամենախոշոր ներդրումները կատարել է «Հայ հեղափոխական դաշնակցություն» (ՀՅԴ) կուսակցությունը: Նրանց հաշվարկներով ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 20 մլն դոլար, որի մեջ հաշվարկված չեն բարեգործական ծրագրերը։ 2009թ. Աղավնո գետի շրջանում սկսեցին փոքր հէկ-երի կառուցումը: 2011թ.-ին բացվեց «Սյունիք-1» հիդրոէլեկտրակայանը, այնուհետև «Սյունիք-2», «Սյունիք-3»,«Սյունիք 4» հէկ-երը: