կարևոր
350 դիտում, 2 շաբաթ առաջ --> 2021-04-16 12:09

Նախնական վարկածով` Հերացի հիվանդանոցի հիվանդասենյակներից մեկում հրդեհը բռնկվել է ծխախոտի պատճառով

Նախնական վարկածի համաձայն` Հերացի հիվանդանոցի հիվանդասենյակներից մեկում հրդեհը բռնկվել է ծխախոտի պատճառով: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

«Հերացի հիվանդանոցի հիվանդասենյակներից մեկում հրդեհ է բռնկվել: Նախնական վարկածի համաձայն, բուժառուի կողմից հիվանդանոցային անվտանգության կարգի խախտում է արձանագրվել, հրդեհը բռնկվել է ծխախոտի պատճառով: Բուժաշխատողները, մինչև համապատասխան մասնագետների ժամանումը, փորձել են մարել հրդեհը, ինչի արդյունքում բաժանմունքի բժիշկը վնասել է ձեռքը, անվտանգության կարգը խախտած քաղաքացին տեղափոխվել է Այրվածքաբանական կենտրոն»,- գրել է Դանիելյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին՝ ժամը 06:24-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Աբովյան փողոցում գտնվող «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի 3-րդ հարկում։  Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հիվանդանոցի 2-րդ հարկի հիվանդասենյակներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։34-ին, մարվել՝ 06։43-ին։ Մասամբ այրվել են երկու ներքնակ (մոտ 2 քմ) և երկու պահարան։ Այրվածքներ են ստացել հիվանդ Ս․ Ա․-ն (ծնված 1980 թ․) և բժիշկ Մ․ Հ․-ն։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով տարահանվել է 11 հիվանդ։