Միացյալ Նահանգները նոր՝ բավականին կոշտ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ: Գերտերության նախագահ Ջո Բայդենն արդեն ստորագրել է համապատասխան հրամանագիրը:
«Այսօր Բայդենի վարչակազմը գործողություններ է ձեռնարկում ... Ռուսաստանի նկատմամբ` ԱՄՆ ինքնիշխանության և շահերի դեմ նրա կառավարության և հետախուզական ծառայությունների գործողությունների պատճառով», - ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Սպիտակ Տունն արգելում է ամերիկյան ընկերություններին ուղղակիորեն ձեռք բերել Ռուսաստանի Կենտրոնական բանկի, Ազգային բարեկեցության հիմնադրամի կամ Ռուսաստանի ֆինանսների նախարարության թողարկած ռուսական պարտատոմսերը: Բացի այդ, պատժամիջոցներ են սահմանվել ռուսական 6 տեխնոլոգիական ընկերության դեմ, որոնք, ըստ ամերիկյան կողմի պնդումների, աջակցություն են ցուցաբերում ռուսական հատուկ ծառայությունների կիբեռ-ծրագրին:
Նոր պատժամիջոցներով սահմանափակումներ են մտցվել նաեւ 32 ֆիզիկական եւ իրավաբանական անձի նկատմամբ, որոնց էլ Վաշինգտոնը մեղադրում է 2020 թվականի Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին միջամտելու համար:
Հաղորդվում է նաեւ գերտերությունից 10 մարդու արտաքսման մասին, ու այս առնչությամբ «ԲիԲիՍի»-ն հայտնում է՝ ամենայն հավանականությամբ, նրանց թվում կլինեն ռուսաստանցի դիվանագետներ:
Հավելենք, որ ի պատասխան Բայդենի ստորագրած պատժամիջոցների, ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանին հրավիրել են ՌԴ արտաքին գործերի նախարարություն։ «Ամերիկյան կողմի համար խոսակցությունը ծանր է լինելու»,- մեկնաբանել են ՌԴ ԱԳՆ-ից։
ՌԴ ԱԳ նախարարությունը կոշտ է արձագանքել ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների կիրառմանը՝ նշելով, որ Բայդենի վարչակազմի գործողությունները չեն վկայում Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները կարգավորելու շահագրգռվածության մասին, Ռուսաստանի նկատմամբ տեղի ունեցածի պատասխանատվությունը ԱՄՆ-ի վրա է, Վաշինգտոնը պետք է գիտակցի, որ պատասխանատու է Մոսկվայի հետ հարաբերություններում հետընթացի համար։