կարևոր
1882 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-15 17:14

Վրաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել Արմեն Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վրաստանի նախագահի նստավայրում այսօր՝ ապրիլի 15-ին, պատվո պահակախմբով տեղի է ունեցել պաշտոնական այցով Վրաստան ժամանած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմավորման արարողությունը։ 

Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Վրաստանի պետական օրհներգերը:

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Հանրապետության նախագահը գրառում է կատարել Վրաստանի նախագահական պալատի պատվավոր հյուրերի գրքում։

«Իմ անկեղծ գոհունակությունն եմ հայտնում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հրավերով այսօր կրկին հարևան և բարեկամ Վրաստանում գտնվելու համար: Վստահ եմ, որ այցի արդյունքների հիման վրա առավել կամրապնդենք մեր երկու ժողովուրդների բարեկամությունն' ի բարօրություն մեր ապագա սերունդների»,- գրել է Հայաստանի նախագահը:

Պաշտոնական արարողությունից հետո Արմեն Սարգսյանի և Սալոմե Զուրաբիշվիլիի միջև տեղի է ունեցել առանձնազրույց, քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգը, տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորություններին վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին ու զարգացումներին: