Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել Հայաստանում Ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին օրենսդրական նախաձեռնությանը։ Հարցը ներառված էր Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունում։
Նշենք, որ նախարարության ստեղծման առաջարկը արվել էր Արդարադատության նախարարության կողմից։
Ներկայացվող օրենքների նախագծերի համաձայն՝ Նախարարության ենթակա մարմիններ են լինելու Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Ներքին գործերի նախարարության քննչական դեպարտամենտը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ինչպես նաև ներկայումս Ոստիկանության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունը՝ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։
Ենթակա մարմինների ղեկավարներին, բացառությամբ Ոստիկանության, պաշտոնի նշանակելու և այդ պաշտոնից ազատելու է վարչապետը ներքին գործերի նախարարի առաջարկությամբ։ Ոստիկանության պետին և նրա տեղակալներին, ինչպես նաև Ոստիկանության զորքերի հրամանատարին նշանակելու և պաշտոնից ազատելու է Հանրապետության նախագահը։ Վերջինս պայմանավորված է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը Հանրապետության նախագահի կողմից նշանակելու սահմանադրական լիազորությամբ։ Այդուհանդերձ, նշանակումը կատարվելու է վարչապետի առաջարկությամբ, որին նախորդում է ներքին գործերի նախարարի միջնորդությունը՝ ոստիկանության պետ, ոստիկանության պետի տեղակալներ նշանակելու վերաբերյալ։ Ընդհանուր տրամաբանությամբ, ոստիկանության պետը շարունակելու է իրականացնել ոստիկանության ամենօրյա անմիջական ղեկավարումը, իսկ ներքին գործերի նախարարը պատասխանատու է լինելու ոլորտի քաղաքականության մշակման և իրականացման, կադրային նշանակումներ է կատարելու ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում։
Նախարարությանը ենթակա քննչական դեպարտամենտի ծառայողներն ունենալու են ոստիկանության ծառայողի օրենսդրական կարգավիճակ և նրանց պաշտոնները սահմանվում են «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքով։ Քննչական դեպարտամենտի պետը սահմանվում է որպես գլխավոր խմբի ոստիկանության ծառայողի պաշտոն, որը համապատասխանում է գլխավոր վարչության պետի իրավական կարգավիճակին, իսկ քննչական դեպարտամենտի պետի տեղակալը համապատասխանաբար՝ գլխավոր վարչության պետի տեղակալի կարգավիճակին։ Դեպարտամենտի պետը նշանակվում է ներքին գործերի նախարարի կողմից։ Այդուհանդերձ, ապահովելով քննչական դեպարտամենտի անկախությունը ոստիկանության պետից, քննչական դեպարտամենտը չի ներառվում ոստիկանության կառուցվածքում, ինչը չէր համապատասխանի նաև Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների գործառութային տարանջատմանը, այլ ձևավորվում է որպես Նախարարության ենթակա մարմին։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության քննչական դեպարտամենտին քննչական ենթակայությամբ առայժմ նախատեսվում է հանձնել ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերով քրեական գործերի քննությունը։
Հավելենք, որ նախագիծը դեռ պետք է հաստատվի ԱԺ-ում և ստորագրվի ՀՀ նախագահի կողմից:
Հիշեցնենք, որ 2021 թվականին Արցախի Հանրապետությունում նույնպես ստեղծվեց Ներքին գործերի նախարարություն: Հունվարի Հունվարի 22-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը գումարել էր արտահերթ նստաշրջան, և նախագծի վերաբերյալ քննարկումից և ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո, խորհրդարանը 16 կողմ, 4 դեմ, 8 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել էր օրենքի նախագիծը: Նախքան հարցի քվեարկությանն անցնելը «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը հայտարարել էր, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու օրինագծերի փաթեթին, իսկ« Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Գեղամ Ստեփանյանը հայտարարել էր, որ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու նախագծին: