կարևոր
503 դիտում, 2 ամիս առաջ - 2021-04-15 15:14

Ապրիլի 15-ից մեկնարկում է բուհերի ընդունելության առցանց հայտագրումը. ԿԳՄՍՆ

Ապրիլի 15-ից մեկնարկում է բուհերի ընդունելության առցանց հայտագրումը. ԿԳՄՍՆ

Այսօրվանից մեկնարկում է բուհերի ընդունելության առցանց հայտագրումը: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության կողմից տարածած հայտարարությունից:

Նախարարության տրածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Հարգելի՛ դիմորդ,

եթե որոշել ես կրթությունդ շարունակել բարձրագույն ուսումնական հաստատությունում, ուրեմն նախ պետք է էլեկտրոնային տարբերակով լրացնես դիմում-հայտ: Այս տարի եւս ընդունելությունն իրականացվելու է առցանց եղանակով։ Մեկ բուհ, մեկ մասնագիտություն. սա է այս տարվա բուհերի ընդունելության հիմնական մրցույթի սկզբունքը: Դիմում- հայտերի ընդունման ժամկետը սկսվում է ապրիլի 15-ին եւ ավարտվում մայիսի 10-ին:

Քայլ առաջին. այցելի՛ր www.dimord.am կայք: «Դիմորդ 2021» հղմամբ ծանոթացի՛ր բուհերի ընդունելության կարգին, բուհերի ցանկին, մասնագիտություններին, վարձավճարների չափերին, բուհերում դիմում-հայտերի շարժին, թափուր տեղերին, իսկ միասնական քննությունների ավարտից հետո՝ նաեւ թեստերին եւ պատասխաններին։

Քայլ երկրորդ. առցանց դիմում-հայտ լրացնելու համար նախ գրանցվի՛ր համակարգում: Գլխավոր էջի վերեւի աջ անկյունում առկա են «Մուտք» եւ «Գրանցվել» բաժինները: Սեղմի՛ր «Գրանցվել» դաշտի վրա եւ ծանոթացի՛ր բուհերի ընդունելության կարգի անհրաժեշտ  դրույթներին: Անպայման կարդա՛ կարգը, հետո միայն սեղմի՛ր «Ծանոթ եմ 2021 թ. ՀՀ բուհերի ընդունելության կարգին» դաշտի վրա, որից հետո էկրանին կհայտնվի «Գրանցում» պատուհանը:

Քայլ երրորդ. առաջին տողում «ԳԹԿ անձնական համարի» տակ լրացրու՛ այն թիվը, որը քեզ հատկացրել է դպրոցը: Եթե նախորդ տարիների կամ նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատության շրջանավարտ ես, ապա ԳԹԿ անձնական համար ստացի՛ր քո բնակության վայրին մոտ գտնվող եւ այդ նպատակով առանձնացված դպրոցից:

Քայլ չորրորդ. նշի՛ր անունդ: «Էլեկտրոնային հասցե» բաժնում լրացրու՛ քո իրական, գործածվող էլեկտրոնային հասցեն, քանի որ հետագա բոլոր գործողությունների մասին տեղեկատվությունը տրամադրվելու է հենց այդ էլեկտրոնային հասցեին: Գաղտնաբառ պատուհանում ստեղծի՛ր բոլորովին նոր գաղտնաբառ (ոչ թե քո էլեկտրոնային հասցեի գաղտնաբառը) ու անպայման հիշի՛ր այն, քանի որ միայն այդ գաղտնաբառով կարող ես մուտք գործել համակարգ: Քո ստեղծած նոր գաղտնաբառը կլինի միայն dimord.am-ինը:

Քայլ հինգերորդ. «Նույնականացման ծածկագիրը» գրելու համար անհրաժեշտ է լրացնել բոլոր տվյալները եւ սեղմել «Ուղարկել» կոճակը, որից հետո քո նշած էլ. հասցեին կուղարկվի «Նույնականացման ծածկագիրը»: Լրացնելով բոլոր դաշտերը՝ սեղմի՛ր «Գրանցվել» դաշտի վրա, որից հետո էկրանին տե՛ս քո անձնական էջը՝ դիմում-հայտով: Կբացվի պատուհան, որի բովանդակությունն անպայման կարդա՛։ Կայքում քո լրացրած տվյալները՝ բուհը, մասնագիտությունը եւ մասնագիտության համար սահմանված քննական առարկաները, համարվում են ընդունելության պաշտոնական դիմում-հայտ: Կայքում գրառումները պետք է կատարվեն բացառապես հայերեն: Եղի՛ր ուշադիր. եթե տվյալներում կան անճշտություններ կամ կարիք կա փոփոխությունների, ապա կայքում կարող ես համապատասխանաբար ուղղել կամ կատարել փոփոխություններ վերը նշված ժամկետում: Դիմում-հայտում կեղծ տվյալներ լրացնելու եւ/կամ ներկայացնելու դեպքում դիմորդը պատասխանատվություն է կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Քայլ վեցերորդ. մասնագիտության ընտրության եւ ընդունելության քննության կամ քննությունների ընտրության դիմում-հայտում լրացրու՛ անունդ, հայրանունդ, ազգանունդ, անձնագրիդ տվյալները, ծննդյանդ տարեթիվը եւ սոցիալական քարտիդ համարը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ հավաքի՛ր տասը հատ 0: Ներկայացրու՛ երկու հեռախոսահամար՝ բջջային կամ քաղաքային, որոնք մշտապես հասանելի են։ Նշի՛ր սեռդ, գրի՛ր անապահովության միավորը, եթե այդպիսին կա, քաղաքացիությունդ: Ճշգրիտ լրացրու՛ ուսհաստատությունն ավարտելու տարեթիվը:

Քայլ յոթերորդ. սեղմի՛ր «Միասնական եւ կենտրոնացված քննության մասնակցության վճարի» դաշտը, նշի՛ր վճարի չափը եւ ներբեռնի՛ր անդորրագիր(եր)ը։ Մեկ քննություն հանձնելու դեպքում ընտրի՛ր 1500, 2-ի դեպքում՝ 3000, իսկ եթե վճարից ազատված ես, ընտրի՛ր 0 եւ ներբեռնի՛ր վճարից ազատումը հավաստող փաստաթուղթը։

Քայլ ութերորդ. եթե մասնակցելու ես ՀՀ բուհերի ընդունելության մրցույթին, ապա «Մասնակցում եմ» դաշտում ընտրի՛ր «Քննություններին եւ ՀՀ բուհերի մրցույթին» դաշտը: Եթե դիմում ես Արցախի Հանրապետության բուհեր, ՀՀ ոստիկանության, Պաշտպանության նախարարության եւ այլ ուսումնական հաստատություններ, որոնք ընդգրկված չեն կայքում առկա ՀՀ բուհերի ցուցակում, եւ չես մասնակցում ՀՀ բուհերի մրցույթին, ապա ընտրի՛ր «Միայն քննություններին» դաշտը: «Միայն քննություններ» դաշտը կարող ես ընտրել նաեւ, եթե որոշել ես ուսումը շարունակել հեռակա համակարգում եւ քննության գնահատականը հետագայում ներկայացնել համապատասխան բուհ։

Քայլ իններորդ. հաջորդիվ կբացվի մասնագիտությունների ցանկը. դու կարող ես նշել 1 մասնագիտություն (անվճար եւ վճարովի) եւ այդ մասնագիտության համար քննությունը կամ քննությունները: Եթե նախորդ տարվա շրջանավարտ ես եւ ուզում ես պահպանել նախորդ տարվա միասնական քննության գնահատականը, ապա «Քննություններին եւ ՀՀ բուհերի մրցույթին» դաշտն ընտրելուց հետո սեղմի՛ր «Պահպանում եմ» կամ «Պահպանում կամ հանձնում եմ» կոճակներից մեկը՝ նշելով ԳԹԿ նախորդ տարվա քո անձնական համարը, իսկ եթե այն մոռացել ես՝ դիմի՛ր Գնահատման եւ թեստավորման կենտրոն:

Քայլ տասներորդ. եթե դեռեւս չունես ատեստատ կամ դիպլոմ, ապա ընտրի՛ր «Դեռ չունեմ ավարտական փաստաթուղթ» դաշտը: Եթե ունես ավարտական փաստաթուղթ, ստուգի՛ր՝ արդյոք ճի՞շտ է լրացված ավարտական փաստաթուղթ տրամադրած ուսումնական հաստատության անվանումը: «Ավարտական փաստաթղթի տեսակ» դաշտում ընտրի՛ր ատեստատ կամ դիպլոմ, ապա նշի՛ր փաստաթղթի համարը: Եթե քո ավարտական փաստաթուղթն ատեստատ է, սեղմի՛ր «Ատեստատ»-ը, լրացրու՛ գրանցման սերիան եւ համարը, նույնը՝ դիպլոմի դեպքում: Եթե ավարտական փաստաթղթի տեսակը նշված է ատեստատ, նշի՛ր ավարտական քննություններից ստացածդ գնահատականները:

Քայլ տասնմեկերորդ. նախապես ընտրի՛ր գնահատման համակարգը: Ավարտական փաստաթղթի բոլոր գնահատականները պետք է նշել: Եթե տվյալ առարկայից գնահատական չունես, ապա համակարգը համապատասխան դաշտում կներմուծի 0: Եթե մեկից ավելի օտար լեզուներից ունես գնահատականներ, ապա օտար լեզուների դաշտում ցանկից ընտրի՛ր եւ մուտքագրի՛ր քո ուսումնասիրած օտար լեզվի գնահատականը:

Քայլ տասներկուերորդ. եթե ունես արտոնություն՝ մեդալակիր ես կամ հանրապետական օլիմպիադայի առաջին կարգի դիպլոմակիր կամ ունես նպատակային ուսուցման ուղեգիր, ապա համապատասխան նշում արա՛: Եթե որոշել ես մասնակցել Պաշտպանության նախարարության «Պատիվ ունեմ» ծրագրին, ապա նշի՛ր այն: Որեւէ արտոնություն ունենալու դեպքում՝ այն նշի՛ր։ Եթե ծանոթ չես արտոնությունների վերաբերյալ կետերի բովանդակությանը, ապա սեղմի՛ր ցանկացած կետ եւ ծանոթացի՛ր տվյալ կետի բովանդակությանը: Արտոնությունը հավաստող համապատասխան փաստաթղթերը պետք է ներկայացնել Ձեր նախընտրած բուհ։

Քայլ տասներեքերորդ. բոլոր արված նշումներդ կարող ես նորից ստուգել՝ համոզվելու համար՝ ճի՞շտ ես լրացրել արդյոք, թե՞ ոչ: Կարող ես փոխել, ըստ անհրաժեշտության՝ հանել նշումը եւ նորից լրացնել: Համոզվելուց հետո, որ ամեն ինչ ճիշտ է, սեղմի՛ր հաստատել կոճակը, որից հետո համակարգը կփակի քո էջը:

Քո լրացրած դիմում-հայտը կհասցեագրվի այն էլեկտրոնային հասցեին, որը դու լրացրել ես։ Հաստատելուց հետո՝ մինչեւ սահմանված ժամկետի ավարտը՝ մայիսի 10-ը՝ ժամը 18:00-ն, կարող ես այցելել www.dimord.am կայք, «Մուտք»-ի վրա սեղմելով՝ գրել նույն էլեկտրոնային հասցեն եւ նույն գաղտնաբառը եւ բացել քո դիմում-հայտը։ Դրանում կարող ես փոփոխություններ կատարել կամ նույնիսկ ընդհանրապես հրաժարվել հայտից:

Եթե Երեւանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի «Բուժական գործ զինված ուժերում» մասնագիտության դիմորդ ես, ապա զինկոմիսարիատների կազմած անձնական գործերով, հաշվառման եւ ռազմաբժշկական փորձաքննության ուղեգրման նպատակով պետք է ներկայանալ Բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի ընդունող ենթահանձնաժողով։ Այս եւ նախորդ տարիների շրջանավարտների գործերի ընդունելությունը տեղի կունենա ապրիլի 15-ից մինչեւ մայիսի 7-ը՝ ժամը 11:00-ն։ ՀՀ ԶՈՒ-ից զորացրված կամ այս տարվա մինչեւ հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների գործերի ընդունելությունը տեղի կունենա հունիսի 23-ից մինչեւ հունիսի 30-ը՝ ժամը 11։00-ն։ Ռազմաբժշկական ֆակուլտետի ընդունող ենթահանձնաժողովում հաշվառվելուց հետո բոլոր դիմորդները կուղեգրվեն ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական պոլիկլինիկա՝ ռազմաբժշկական փորձաքննության։ Փորձաքննությունն անցած դիմորդը ռազմաբժշկական հանձնաժողովի տված տեղեկանքը պետք է ներկայացնի ռազմաբժշկական ֆակուլտետի ընդունող ենթահանձնաժողով, որից հետո միայն կլրացնի դիմում-հայտի էլեկտրոնային տարբերակը։

Սիրելի՛ դիմորդ,

եթե էլեկտրոնային համակարգից օգտվելը քեզ համար անհաղթահարելի դժվարություն է, ապա կարող ես դիմել ԳԹԿ անձնական համար տրամադրած դպրոց եւ խնդրել՝ քեզ գրանցել համակարգում։ Դա կարվի բացարձակապես անվճար»: