Ալիևի առաջարկի և Հայաստանի մոտեցումների մասին առաջին անգամ չի, որ Լուկաշենկոն խոսել է: Նա դեռևս 2018 դեկտեմբերի 14-ին ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ ինքը Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել է Արցախի հարցը լուծելու՝ Ալիևի առաջարկը, սակայն Սարգսյանը հրաժարվել է այդ առաջարկից:
Գրեթե նույնը Լուկաշենկոն կրկնել է նախօրեին Բաքվում գտնվելու ժամանակ՝ միայն հավելելով, որ նախքան Փաշինյանն է այդ առաջարկը մերժվել: Ապրիլի 13-14-ը Լուկաշենկոն աշխատանքային այցով եղել է Բաքվում, որտեղ բանակցություններ է վարել Ալիևի հետ: Հանդիպումից հետո Լուկաշենկոն և Ալիևը պատասխանել են լրագրողների հարցերին։
«Ես, իհարկե, երբ արդեն նախագահ չլինեմ, շատ բաներ կպատմեմ այն մասին, թե ինչքան լավ բաներ է Իլհամ Հեյդարովիչն առաջարկել հայ ժողովրդին ու հայկական ղեկավարությանը՝ այս կոնֆլիկտը կարգավորելու համար: Առաջարկներից մեկն էլ այն էր, երբ նա ինձ ասաց. «լսիր, դու հայերին փոխանցիր, դու նրանց հետ լավ հարաբերությունների մեջ ես, ասա, որ ես պատրաստ եմ վերականգնել ոչ միայն Ղարաբաղը, այլև զարկ տալ Հայաստանի տնտեսությանը… Ես դեռ նույնիսկ այն գումարը չեմ նշում, որ պատրաստ եմ վճարել անմիջապես: Փոխանցիր նրանց, որ այս հարցը խաղաղ կարգավորեն»»,- պատմել է Բելառուսի նախագահը Բաքվում Ալիևի հետ հանդիպման ժամանակ՝ նշելով, որ ինքն անձամբ է Ալիևի առաջարկը փոխանցել Հայաստանին։
«Այսօր ես առաջին անգամ եմ հրապարակայնորեն սա ասում։ Դա այդպես է եղել: Բայց Հայաստանի նախկին ղեկավարությունը, նախքան Փաշինյանը, հրաժարվել էր դրանից»,- հավելել է Լուկաշենկոն:
Հիշեցնենք, որ 2020 թ.-ի դեկտեմբերին սոցցանցերում տարածվեց ձայնագրություն, որտեղ Սարգսյան-Լուկաշենկո հանդիպման մանրամասներն էին: Ձայնագրության մեջ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասում է, որ Ալիևի 5 միլիարդ դոլար է առաջարկել Սերժ Սարգսյանին՝ Արցախի 7 շրջաններից հրաժարվելու դիմաց, ինչին ի պատասխան Սերժ Սարգսյանը մերժում է առաջարկը՝ ասելով. «Ես նրան տալիս եմ 6 միլիարդ: Թող հրաժարվի 7 շրջաններից»։
Այս տարվա փետրվարին Սերժ Սարգսյանը հարցազրույցում հաստատեց Ալիևի առաջարկը Լուկաշենկոյի միջոցով ստանալու փաստը: