կարևոր
888 դիտում, 6 ամիս առաջ - 2021-04-15 12:23

Կառավարությունը հաստատեց Տոների և Հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքի փոփոխությունը, որը դեռ պետք է ընդունի ԱԺ-ն

Կառավարությունը հաստատեց Տոների և Հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքի փոփոխությունը, որը դեռ պետք է ընդունի ԱԺ-ն

Կառավարությունն ապրիլի 15-ի նիստում հավանություն տվեց «Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» օրենքի փոփոխություններին: Որոշման դեմ քվեարկեց միայն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

Օրենքի նախագծով նախատեսվում է կրճատել Ամանորի ոչ շխատանքային օրերը: Ըստ նախագծի՝ ամանորի տոները կնշվեն միայն դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին, իսկ Սուրբ Ծննդյան տոնը՝ հունվարի 6-ին: Հոնվարի 7-ը, որպես Մեռելոց, ոչ աշխատանքային չի լինի:

Հարցը զեկուցող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, թե «Նախագիծն ուղղված է ՀՀ ուժեղ տնտեսության կայացմանը: Այն կարգավորումները, որ մենք ունենք այսօր՝ Հայաստանի տնտեսական կյանքից ջնջում է 10 օր, որի ընթացքում խրախճանքի 10-օրյակ է մեր երկրում հայտարարվում»:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ ներկայացվող նախագծին իր ղեկավարած նախարարությունը դեմ է այս տեսքով:

«Բացի փակ տնտեսությունը, սա նաեւ աշխատանքային օրենսգրքով քաղաքացիներին հանգստի իրավունքի ամրագրման սոցիալական երաշխիքներ է ապահովում: Այս 5 ոչ աշխատանքային օրերի կրճատումը էականորեն նվազեցնում է տարվա ընթացքում աշխատողների հանգստի օրերի քանակը»,- ասաց Առաքելյանը:

Նրա խոսքով՝ թեեւ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է, որ հանգստյան օրերի քանակով ՀՀ-ն գերազանցում է մի շարք երկրներին, նման տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում միջին երկրների մակարդակի հետ գործող կարգավորումներով. «Աշխարհի գրեթե բոլոր երկրներում տոների եւ հիշատակի օրերի ժամանակ, եթե համարվում են ոչ աշխատանքային օրեր եւ եթե դրանք համընկնում են շաբաթ կիրակի օրերի հետ, դրանք փոխարինում են լրացուցիչ օրերով: Այսինքն՝ օրենսդրությամբ քաղաքացին անկախ օրացույցային կարգավորումներից՝ ամրագրված ունենում է իր հանգստյան օրերի թիվը, ինչը Հայաստանում չկա»: Նախարարը նկատեց, որ օրինակ առեւտրի եւ ծառայությունների ոլորտում հանգստյան օրերին ավելի շատ ՀՆԱ է թողարկվում: «Պարզ ասած, Նոր տարվա օրերն ինչքան երկար լինեն, այնքան առեւտուրն ավելի շատ է լինում, մարդիկ ավելի շատ են գնում հանգստյան տներ, ներքին տուրիզմի բում է լինում: Այս փոփոխության հետեւանքով Ամանորին ներքին տուրիզմը վերանալու է եւ դա տնտեսության վրա լուրջ անդրադարձ է ունենալու»,-ընդգծեց նա: 

Այնուհանդերձ, Օրենքում փոփոխություն անելու որոշման նախագիծն ընդունվեց, որով առաջարկվում է ոչ աշխատանքային օրեր սահմանել դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը եւ հունվարի 6-ը որպես Սուրբ Ծնունդ և Հայտնության տոն: Ոչ աշխատանքային օրերի ցուցակին հանվում են հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը եւ 7-ը: Նշենք, որ Օրենքի նախագիծը ուղարկվում է ԱԺ, որը պետք է ընթերցումներ անցի Ազգային ժողովում և ընդունվի ԱԺ-ի կողմից, այնուհետև վավերացվի ՀՀ նախագահի ստորագրությամբ։