կարևոր
946 դիտում, 9 ամիս առաջ - 2021-04-15 11:53

Հայ գերիներին ազատ արձակելու լեհական ակցիան չեղյալ է հայտարարվել Թուրքիայի և Ադրբեջանի սպառնալիքների պատճառով

Լեհաստանում, Թուրքիայի և Ադրբեջանի սպառնալիքների պատճառով, չեղարկվել է հայ գերիներին Ադրբեջանից ազատ արձակման պահանջով ակցիան։ Այս մասին հայտարարել է լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեխը, որը հրադադարի առաջին օրերից ի վեր պայքարում է ադրբեջանական ապօրինությունների դեմ:

«Թուրքամետ կազմակերպությունների սպառնալիքների և հայտարարությունների պատճառով Լեհաստանի արտաքին գործերի նախարարության դիմաց նախատեսված ակցիան, որը պետք է տեղի ունենար ժամը 13:00-ին, չեղարկվում է: Անվտանգությունն առաջին տեղում է: Սա հայերի նկատմամբ ատելության հերթական գործողությունն է և Թուրքիայի ու Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը: Ազատեցե՛ք հայ ռազմագերիներին»,- գրել է Բուչեխը իր ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին նախատեսվում է իրականացնել համաշխարհային լուռ բողոքի ակցիա` պահանջելով վերադարձնել 2020 թվականի հոկտեմբերին Արցախյան պատերազմից հետո Ադրբեջանում պատանդ պահված ավելի քան 300 հայ ռազմագերիներին և քաղաքացիներին։ Ակցիաներ են լինելու Տորոնտոյում, Մոնրեալում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Բեռլինում, Վարշավայում, Ժնևում, Փարիզում...

Նշենք նաև՝ Երևանում հինգշաբթի՝ ժամը 12:00-ին, հայ ռազմագերիների վերադարձի պահանջով ևս հավաք կլինի ՄԱԿ-ի գրասենյակի առջև։

«Ազատություն հայ ռազմագերիներին» խորագրով ակցիայի մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։