Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասի (Կիպրոս, ԵԺԿ) նախաձեռնությամբ տեղի է ունեցել առցանց համաժողով Ադրբեջանում հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերաբերյալ։ Քննարկվել են խնդրի իրավական և քաղաքական ասպեկտները: Համաժողովի բանախոսներն էին ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը, Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Այս մասին հայտնում է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը:
ՀՀ ՄԻՊ-ը իր ելույթում կարեւորել է Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը, որը հնարավորություն կտա խուսափել հետագա նոր հանցագործություններից:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայկական կողմի բոլոր գերիների անհապաղ վերադարձի հարցով ապրիլի 9-ին դիմել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե:
Նա եւս մեկ անգամ հատուկ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հայկական կողմի բոլոր զինծառայողները եւ քաղաքացիական անձինք ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարվել են ընթացիկ, շարունակվող զինված հակամարտության պայմաններում, հետեւաբար՝ նրանք բոլորն էլ կարգավիճակով գերիներ են, պետք է անհապաղ ազատ արձակվեն եւ վերադարձվեն հայրենիք՝ առանց որեւէ քաղաքական կամ այլ նախապայմանի:
Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների եւ նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ եւ առաջացնելով լարվածություն հասարակությունում:
Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ գերիների ազատ արձակման հարցի բացարձակ հրատապությունը պետք է դիտարկել նաեւ Ադրբեջանում պետական ամենաբարձր մակարդակով իրականացվող հայատյացության եւ թշնամանքի քարոզի համատեքստում: Ադրբեջանի իշխանություններն օգտագործում են հայ ռազմագերիների հարցը` զարգացնելու համար իրենց ատելության քաղաքականությունը: Այս հանցագործություններն էթնիկ բնույթ ունեցող հանցագործություններ են, որոնք բարձր կերպով հովանավորվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից:
Համաժողովի մասնակիցներն ընդգծել են, որ Ադրբեջանի կողմից պահվող անձանց անազատության ենթարկելը և խոշտանգելը ռազմական հանցագործություն է, քանի որ, համաձայն 1949 թ. ժնևյան կոնվենցիայի, նրանք բոլորն էլ իրավական առումով ռազմագերիներ են: Կոպտորեն խախտելով Կոնվենցիան և մարդու իրավունքների հիմնական սկզբունքները՝ Ադրբեջանն օգտագործում է այս չափազանց զգայուն մարդասիրական հարցը՝ քաղաքական օգուտներ կորզելու նպատակով: Բոլոր ռազմագերիների և այլ պահվող անձանց ազատ արձակումն ամրագրված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրած հրադադարի հայտարարությամբ: Նշենք, որ հայկական կողմը վերադարձրել է բոլոր ադրբեջանցի ռազմագերիներին:
Քննարկման ընթացքում Պաշտպանը մանրամասն ներկայացրել է մարդասիրական ու մարդու իրավունքների ոլորտի միջազգային այն կանոնները, որոնք պահանջում են գերիների անհապաղ ազատ արձակում ու անվտանգ վերադարձ:
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասը, որը նաև Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահն է, իր խոսքում նշել է.
«Անհայտ կորածների և գերիների ողբերգությունը, ինչից 1974-ից ի վեր տուժել է Կիպրոսը, չպետք է կրկնվի Արցախում: Միջազգային հանրությունը պետք է ապահովի բոլոր գերիների անհապաղ վերադարձը»: