ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը ևս արձագանքել է այսօր ԱԺ-ում Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին:
«Ազգային Ժողովում կապիտուլյանտի այսօր հնչեցրած ստերի առիթով խնդրում ենք զանգվածային լրատվամիջոցներին այլևս չդիմել և հարցումներ չուղարկել ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ՝ այդ զառանցանքներին մեր արձագանքը ստանալու ակնկալիքով:
Երկար ժամանակ մենք մանրամասն և փաստարկված պատասխանում էինք նրա հերյուրանքներին, ի ցույց դնում նրա կեղծիքները, իրականության նենգափոխումը և տգիտությունը, սակայն կապիտուլյանտը համառորեն շարունակում է իր կեղտոտ մանիպուլյացիաները:
Ակնհայտ է, որ նրան նույն թեմաներով, նույն հարցերի շրջանակում պատասխանելն անիմաստ է, քանզի նրա ցինիկ ստերն ու կեղծիքները բացահայտող բազմաթիվ փաստեր, այդ թվում՝ դիվանագիտական, ռազմական, քաղաքական ոլորտներում, վաղուց հանրության սեփականությունն են և հեշտությամբ հասանելի են համացանցում:
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ»:
Փաշինյանի հայտարարությունները հոգեկան տվայտանք և կեղծիք էին անվանել նաև ՀՀ առաջին և երկրորդ նախագահները: Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը նշել էր, որ Փաշինյանի ելույթները երբևէ աչքի չեն ընկել տրամաբանվածությամբ, իրականության հետ աղերսով, սթափությամբ: Իսկ Տեր-Պետրոսյանի խոսնակը գրել էր., որ Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ «ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին: Ինչ ուզում է` թող դուրս տա»: