Այսօր տեղի է ունեցել «Կամավորական շարժում» ՀԿ-ի Գումարտակի նահատակների պարգևատրման արարողությունը:
ՀՅԴ «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպության նահատակ կամավորների պարգևատրման արարողության ժամանակ ելույթ է ունեցել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը։
«Մենք զինվորագրվել ենք մեր երկրին՝ մեր մեծ Արմենիային՝ դա Հայաստանի և Արցախի Հանրապետություններն են, վստահ եմ, որ մենք կարճ ժամանակում թե՛ քաղաքական, թե՛ ռազմական, թե՛ սոցիալ-տնտեսական հաղթահարելու ենք բոլոր դժվարությունները։
Կրկնակի խոնարհումս մեր նահատակված ընկերների հարազատներին, միշտ ձեր կողքին ենք․ ես վստահ եմ, որ հայուհու արգանդը երբեք չի չորացել, չի չորանալու, միշտ ծնելու է հերոսներ, համոզված եղեք՝ մենք զինվորագրվել ենք և հաղթելու ենք, դուրս ենք գալու այս ծանր վիճակից»,-իր ելույթում հայտնել է Վիտալի Բալասանյանը։
Պարգևները հանձնեցին Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը, ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ գումարտակի հրամանատար Հարմիկ Հովսեփյանը, ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ գումարտակի շտաբի պետ Արտաշես Մխիթարյանը։
Նահատակ Տավրոս Աբրահամյանի մեդալը փոխանցվեց քրոջը՝ Աստղիկ Աբրահամյանին։ Նա իր խոսքն ուղղեց բոլորին․
«20-րդ դարի առաջին ու ողբերգական ցեղասպանությունը տեսավ մեր ազգը։ Ցեղասպանություն իականացրած ոճրագործներից մեկը՝ Թալեաթ Փաշան իր նամակում գրել է՝ այս ազգը պետք է արմատախիլ անել, քոքից կտրել, մոխիր դարձնել ու հպարտորեն շեշտել, թե իրենց փափագն է, որ մեկ հայ թողնել՝ այն էլ թանգարանում։ Դարեր է անցել մեծ ողբերգությունից, բայց նույնն է թշնամին, նույնն է փափագը։ Մեր տղաները, ովքեր հերոսաբար նահատակվեցին, կռվում էին նույն թուրքի դեմ։ Մեր հողը մնաց անհայ, իսկ հայը մնաց անհող։ Ու պատճառը ոչ միայն պատերազմն էր, աչքերն ու ականջները գոցած քաղաքակիրթ աշխարհը, այլ նաև թալեաթանման հայերը, ովքեր փաթաթվեցին մեր դալար շիվերին ու արմատախիլ արեցին։
Մենք պետք է արմատախիլ անենք մոլախոտը, որ մեր նահատակների լռությունը խաղաղվի։ Անեծք ու բիրտ նախատինք այն հային, ով թուրքի մեջ բարեկամ կտեսնի ու կուրանա մեր տղաների արյունը։
Իմ ու ձեր ուսերին է մանցել հայրենիքի փրկությունը։ Հիմա մեր մտքի ու բազկի շնորհիվ պիտի ուղղենք մեր կոտրված ողնաշարը, որ արժանի լինենք ազատություն կամ մահ գաղափարով նահատակված հերոսներին»։
Հետմահու «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշաններ ստացան Մհեր Հարությունյանը, Գեղամ Մուշեղյանը, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշաններ՝ Քրիստափոր Արթինը, Կիմ Խաչատրյանը, Մայիս Նազարյանը։
Նահատակ մյուս մարտիկներն ստացան «Արիության համար» մեդալ։
Ընդհանուր առմամբ՝ ՀՅԴ «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպությունից հետմահու պարգևատրվեց 27 կամավոր։ Պարգևներն ստացան նրանց զավակները, կանայք, ընտանիքի անդամները։