կարևոր
1782 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-14 19:44

Փաշինյանի ասածն իրականություն չէ. ԲՏԱ նախարարությունը հայկական արբանյակի թողարկման համար նույնիսկ անհրաժեշտ նվազագույն աշխատանք չի իրականացրել

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ փաստարկում է, որ այսօր ԱԺ ամբիոնից Փաշինյանի հնչեցրած հայտարարությունը չի համապաատսխանում իրականությանը: 

Մասնավորապես նա ԱԺ ամբիոնից հայտարարել է, որ ԲՏԱ նախարարությունը մշտապես աշխատանքներ է տարել հայկական արբանյակի թողարկման ուղղությամբ, ինչպես նաև նշեց, որ այն երկարաժամկետ գործընթաց է:

Կուսակցության հայտարարության մեջ հստակ նշվում է, որ այս հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը:

«ԲՏԱ նախարարության կողմից չի իրականացվել նույնիսկ անհրաժեշտ նվազագույն աշխատանք՝ ուղղված հայկական արբանյակի թողարկմանը, որը ՀՀ-ի համար ունի ռազմավարական նշանակություն: Ավելին, հայկական արբանյակի թողարկումը ներառված է եղել միայն 2013 և 2014թթ. կառավարության ծրագրերում:

Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) կողմից ՀՀ-ին հատկացված է եղել դիրք գեոստացիոնար ուղեծրում, որի շրջանակներում Հայաստանը շուրջ 3 տարուց ավելի` մինչև 2016թ. ներառյալ, իրականացրել է կոորդինացման աշխատանքներ (ՀՄՄ) անդամ պետությունների (ադմինիստրացիաներ) հետ, որը գրեթե հասցված է եղել ավարտին: Ի դեպ, սա միակ ժամանակատար գործընթացն է: Սրան զուգահեռ ՀՀ-ն նաև բանակցություններ է տարել արբանյակներ թողարկող աշխարհի լրջագույն կազմակերպությունների հետ և ստացել ամբողջական առաջարկներ (այդ թվում՝ SpaceX-ից):

Հետևաբար, ցանկության դեպքում և ֆինանսական համապատասխան հատկացման պարագայում ռազմավարական այս ծրագիրը կարող էր իրականացվել առավելագույնը 1 տարվա ընթացքում:

Ինչ վերաբերում է հայկական արբանյակի սպասարկման տարեկան ծախսերին, ապա արդյունավետ կառավարման պարագայում այն ոչ միայն երաշխավորում է ինքնածախսածածկույթը, այլ նաև կարող է ապահովել պետության համար կայուն եկամուտ»,- նշված է հայտարարության մեջ: