կարևոր
1849 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-14 13:57

Այսօր Համո Սահյանի ծննդյան օրն է

Այսօր Համո Սահյանի ծննդյան օրն է

Ապրիլի 14-ը հայ մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան օրն է: Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է 1914 թվականին, ՀՀ Սյունիքի մարզի Լոր գյուղում:

1927 թվականին Հ. Սահյանը տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ 1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ Մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմին (1941-1945 թթ.)։

Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում։ 1965-1967 թվականներին եղել է «Գրական թերթի» գլխավոր խմբագիրը։

Համո Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ։

Համո Սահյանի առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946 թվականին։ Այստեղ դրսևորվում էր Սահյանի բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը՝ սեր հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ։ 

Սահյանի ստեղծագործությունների թեմատիկայի մաս է կազմում նաև Հայաստանը․

1972 թվականին լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975 թվականին նա արժանանում է պետական մրցանակի։ 1977 թվականին տպագրվում է նրա «Իրիկնահաց», 1980 թվականին՝ «Կանաչ, կարմիր աշուն», 1986 թվականին՝ «Դաղձի ծաղիկ» ժողովածուները։

Մահացել է 1993 թվականի հուլիսի 17-ին Երևանում։