կարևոր
682 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-14 12:12

Սպանություն 54 համարի երթուղայինում

Սպանություն 54 համարի երթուղայինում

Այսօր՝ ապրիլի 14-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Պարոնյան-Լեո խաչմերուկում՝ թիվ 54 երթուղին սպասարկող «Գազելի» մեջ, դիակ կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները նշված ավտոմեքենայի մեջ, հետևի նստարանին, հայտնաբերել են տղամարդու դի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենայի մեջ մեկ այլ քաղաքացի դանակով հարվածել է ուղևորի կրծքավանդակին, որը տեղում մահացել է։ Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։

Փաստի առթիվ ստեղծվել է քննչական խումբ։ Խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Հակոբյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին, հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասել են, որ սպանության պատճառը եղել է այն, որ սպանվածը երթուղու մեջ նստած այդ քաղաքացուն խնդրել է, որպեսզի պաշտպանիչ դիմակ կրի, սակայն վերջինս վիճաբանել է, ապա իր մոտ եղած դանակով հարվածել է նրա կրծքավանդակին և դիմել փախուստի։