կարևոր
1836 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-14 09:51

ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահները պատրաստ են այցելել Արցախ, սակայն պահանջում են ապահովել մուտքի եւ տեղաշարժի առավելագույն ճկունություն

ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահները պատրաստ են այցելել Արցախ, սակայն պահանջում են ապահովել մուտքի եւ տեղաշարժի առավելագույն ճկունություն

ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահները պատրաստ են այցելել Արցախ, սակայն պահանջում են ապահովել մուտքի եւ տեղաշարժի առավելագույն ճկունություն: Համանախագահները հայտարարություն են տարածել՝ գոհունակությամբ նշելով Արցախում հրադադարի ռեժիմի ամրապնդումը:

Նրանք նշել են, որ ուշադիր հետեւում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի կատարման ընթացքին: Հայտարարության տեքստում կարդում ենք նաեւ, որ ողջունում են զոհերի մարմինների վերադարձման գործում նշանակալի ձեռքբերումները եւ հակամարտության պատճառով տեղահանվածների վերաբնակեցման շարունակական առաջընթացը, հումանիտար օգնության տրամադրումը եւ համարժեք կենսապայմանների ապահովումը, ինչպես նաեւ կառուցողական քննարկումները՝ ապաշրջափակման նպատակով տրանսպորտային եւ կապի ուղիների բացման ուղղությամբ ամբողջ տարածաշրջանում:

Համանախագահները կողմերին հիշեցնում են, որ անհրաժեշտ են լրացուցիչ ջանքեր` լուծելու մնացած հիմնախնդիրները եւ ստեղծելու փոխվստահության մթնոլորտ, որը նպաստում է կայուն խաղաղությանը: «Սա ներառում է, մասնավորապես, բոլոր ռազմագերիների եւ այլ կալանավորների վերադարձին վերաբերող հարցեր, կրոնական եւ մշակութային ժառանգության պահպանում եւ պաշտպանություն, հակամարտության արդյունքում տուժած համայնքների միջեւ անմիջական կապի հաստատում եւ համագործակցություն, ինչպես նաեւ մարդկանց միջեւ վստահություն ստեղծելու այլ միջոցառումներ»,-ասված է հայտարարությունում:

Համանախագահները շեշտում են, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել խնդրի վերջնական, համապարփակ եւ կայուն կարգավորմանը` հիմնված այն տարրերի եւ սկզբունքների վրա, որոնք լավ հայտնի են կողմերին: Նրանք կողմերին հորդորում են հնարավորին շուտ վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը համանախագահների հովանու ներքո: