կարևոր
946 դիտում, 6 ամիս առաջ - 2021-04-13 19:31

ԵՊՀ գիտական խորհրդի անդամները ԵՊՀ գիտական խորհրդի արտահերթ նիստ են պահանջում

ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը տեղեկացում է, որ ԵՊՀ գիտական խորհրդի անդամները դիմել են ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին ԵՊՀ գիտական խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու պահանջով:

«Այս կապիտուլյանտ և ազգակործան իշխանությունները հետևողականորեն քանդում են ԵՊՀ-ն: Այսօր պարզ դարձավ, որ իշխանության կողմից ներկայացված ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 16 անդամներից 15-ը դիմումներ են գրել և հրաժարվել են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամությունից: Իսկ եթե ևս մեկ հոգի դիմում գրի, ապա ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը կլուծարվի՝ ինչին հետևողականորեն ուզում են հասնել օրվա իշխանությունները: Նպատակը մեկն է. ինչպես իրենց իշխանությունը ծնկի եկավ թուրքի դեմ և կապիտուլացվեց, այդպես էլ ԵՊՀ-ն են ուզում ծնկի բերել և կապիտուլացնել այս ազգադավ իշխանության առջև: Միանգամից ասեմ՝ չի ստացվելու, 102-ամյա Մայր համալսարանը չի կարող ընկրկել հոգեկան տվայտանքի մեջ գտնվող մեկ անձի կամայական որոշումների ու անձնական հիվանդագին ցանկությունների առջև:

Մտահոգված լինելով վերոնշյալ խնդրով, այսօր ԵՊՀ գիտական խորհրդի 32 անդամներով դիմել ենք ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին ԵՊՀ գիտական խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու պահանջով:

Պահանջը մեկն է. ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի իշխանության կողմից ներկայացված անդամների շարունակական, ոչ բարեխիղճ և անպատասխանատու գործելաոճի պատճառով ԵՊՀ-ում ստեղծված իրավիճակի քննարկում և համապատասխան հայտարարության ընդունում:

Հ.Գ. ԵՊՀ գիտական խորհուրդը բաղկացած է 88 անդամից, պարզապես արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ էր անդամների 1/3-ի ստորագրությունը: Վստահ եմ, որ եթե ժամանակ լիներ և կարողանայինք մյուս անդամներին ևս տեղյակ պահել՝ այս պահանջի տակ կստորագրեին գիտական խորհրդի անդամների 90%-ից ավելին: Հոգ չէ, մնացյալը իրենց կարծիքը կհայտնեն արտահերթ նիստի ժամանակ»: